ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան

Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական ուղղվածություն ունեցող  հեռուստաընկերություններ: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ նաև ի հայտ գան ակնհայտ թույլ հավակնորդներ, որոնք ունակ չեն լինի կատարելու սահմանված պարտականությունները։

«Չենք բացառում, որ հայաստանյան հեռուստաընկերությունները, ֆինանսական ծանր վիճակից ելնելով, գնորդ փնտրեն Հայաստանից դուրս։ Հետևաբար կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողներ՝ Հայաստանի  քաղաքացիներին պարտադրելով օտար տեղեկատվական համակարգ»,-հայտարարեց  ՀՌՀ նախագահը։

Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանրային մուլտիպլեքսի թուլացումը կնպաստի մալուխային կամ համացանցային հեռուստատեսության դիտելիության աճին, որոնց նկատմամբ ՀՌՀ-ն չունի կարգավորող գործառույթներ։

Այդ խնդիրները լուծելու համար ՀՌՀ-ն առաջարկում է մշակել հանրային մուլտիպլեքսի հայեցակարգ, որը կխրախուսի ինքնիշխան հանրօգուտ տեսալսողական հարթակի բանաձևը։

«Նախատեսվում է դիտարկել մուլտիպլեքսի սլոթերի քանակի կրճատման հնարավորությունը։ Այսքան հեռուստաընկերություն Հայաստանը բոլոր առումներով, ըստ տրամաբանության, չպետք է ունենա և ավելի քիչ հեռուստաընկերություններն ավելի էֆեկտիվ կօգտվեն այն սահմանափակ գովազդային դաշտից, որը կա Հայաստանում»,- հայտարարեց Հակոբյանը։

  • Կիսվել: