շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարևոր է, որ մարդիկ երկրի ղեկավարից լսեն այդ ամենը. Արսեն Թորոսյանը՝ վարչապետի և տավուշցիների հանդիպման մասին

Կարևոր է, որ մարդիկ երկրի ղեկավարից լսեն այդ ամենը. Արսեն Թորոսյանը՝ վարչապետի և տավուշցիների հանդիպման մասին

Մենք պետք է շատ ուրախ լինենք, որ մեր երկրի վարչապետն նաեւ անսալով ժողովրդավարությանն ու թափանցիկ կառավարման սկզբունքներին, ուղղակիորեն հանդիպում է այն բնակիչների հետ, որոնք ապրում ենք հենց այդ հատվածներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանդիպել տավուշցիների հետ և խոսել գյուղերի հանձնման մասին, մինչդեռ նույնը չի արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանն այնպիսի պետություն է, որտեղ մարդու իրավունքները և մարդկանց կարծիքները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Սա շատ կարևոր է, որ ուղիղ երկխոսություն է տեղի ունենում, նույնիսկ եթե կլինեն լարվածություններ այդ խոսակցության ժամանակ, նույնիսկ եթե սկզբում կլինի չհասկացվածություն, բայց շատ կարևոր է, որ այդ խոսակցությունը լինի։ Սա խոսում է այն մասին, որ մենք որևէ թաքուն, գաղտնի բան չենք անելու»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է վստահ լինի, որ քայլերը կլինեն երկկողմանի, նոր քայլեր անի:

Հարցին՝  ի՞նչ հաշվարկի արդյունքում է Նիկոլ Փաշինյանը եկել եզրակացության, որ Ադրբեջանը կդիմի ռազմական գործողությունների, եթե այդ տարածքները մենք չտանք, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում այդ «եթե չտանք»-ը: Եկեք մնանք բուն թեմայի բովանդակության մեջ: Վերլուծությունները բազմաթիվ կարող են լինել, ռազմականից սկսած, տարբեր հրապարակումներից ու հռետորաբանությունից վերջացրած: Այնպես չի, որ դրա մասին հիմա է ասվել եւ մինչ այդ չի ասվել:Մենք միշտ էլ նայում ենք, թե պոտենցիալ ինչ մարտահրավերներ կան, այդ թվում ռազմական կարող են լինել: Այլ կոնկրետ բան ես չգիտեմ»:

  • Կիսվել: