ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Կարևոր է, որ դուք ձեր արժեքային համակարգն ունենաք, արժանապատիվ ապրեք. ՀՀ նախագահը՝ ՀՊՏՀ շրջանավարտներին

Կարևոր է, որ դուք ձեր արժեքային համակարգն ունենաք, արժանապատիվ ապրեք. ՀՀ նախագահը՝ ՀՊՏՀ շրջանավարտներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: «Վստահ եմ, որ այս չորս կամ վեց տարիների ընթացքում դուք հնարավորություն եք ունեցել որպես անհատականություն կայանալ, գիտելիք ձեռք բերել և դրանով նաև ավելի մեծ արժեք ձևավորել ինքներդ ձեզ համար: Կարևոր է, որ դուք ձեր արժեքային համակարգն ունենանք, արժանապատիվ ապրեք, լինեք ազատ և ապրեք ազատ երկրում: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ կարևոր է ապրել այնպիսի մի երկրում, այնպիսի միջավայրում, որտեղ կարող եք ինքնադրսևորվել:

Եղեք համարձակ, իրականացրեք այն բոլոր նպատակները, որ ձեր առջև դրել եք և նաև ճիշտ գնահատեք ձեր հնարավորություններն այդ նպատակներին հասնելու համար: Երբեք մի գայթակղվեք շատ հեշտ ձեռք բերվող արժեքներով, կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում, ամեն ինչի համար պետք է աշխատանք, ամեն ինչի համար պետք է ձգտում: Միշտ վստահ եղեք, որ ձեր գիտելիքներն ու ձեռքբերումները գնահատվելու են: Ձեր շրջապատում, ձեր ընտանիքում, հասարակության մեջ գնահատվելու եք որպես մարդ, որն ունի այդ արժեքները, որպես մարդ, որը ձեռքբերումներ ունի, որպես մարդ, որը կարողացել է ինքն իր նպատակներին հասնել:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ անձնական կյանքում, նորանոր ձեռքբերումներ: Իրականում վստահ եմ, որ դուք որպես ազատ մարդ, որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի հաջողություններ կունենաք և կանեք, երևի, ամենակարևորը պետության համար՝ կկառուցեք այն երկիրը, որտեղ մենք բոլորս երազում ենք ապրել, որտեղ կլինենք երջանիկ, որտեղ կյանքը կլինի բարեկեցիկ և մենք, իրոք, մեր ստեղծարար կարողությունները բոլորս միասին կկարողանանք իրականություն դարձնել»:

  • Կիսվել: