ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում

Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է առաջարկում «Երեխայի իրավունքների մասին» օրենքում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

 

Առաջարկվող փոփոխությունները գործող ենթաօրենսդրական ակտերի համար կապահովեն լիազորող նորմեր:

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում հարցը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Փոխնախարարը նշել է, որ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի բովանդակային փոփոխություններն ավելի մեծ փաթեթով առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը:

Նշվել է, որ որևէ օրենքում երեխայի այլընտրանքային խնամքը սահմանող նորմ չկա, մինչդեռ ՀՀ-ն ստանձնել է երեխաների խնամքը ընտանեկան միջավայրին մոտ կազմակերպելու պարտավորություն: Փոխնախարարի խոսքերով՝ այս հարցում լավագույն օրինակ է խնամատարության ինստիտուտը:

Մյուս լիազորող նորմը վերաբերում է որդեգրման կարգին, ինչը թեպետ գործում է, սակայն լիազորող նորմ տարիներ շարունակ որևէ օրենքում չի եղել:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների ուղղորդման կարգին և չափորոշիչներին առնչվող ենթաօրենսդրական ակտը լիազորող նորմերի ապահովմանը:

 

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվել է համայնքի կողմից խնամակալության և հոգաբարձության կազմակերպման խնդիրներով:

Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ երեխայի իրավունքի դաշտում նախարարությունը քաղաքականություն մշակող լիազոր մարմինն է, իսկ ՏԻՄ-երի պատասխանատվությամբ գործում են խնամակալության և հոգաբարձության մարմինները: Նա կարևորել է համայնքային սոցիալական աշխատանքի ուժեղացումը՝ նշելով, որ որքան էլ լիազոր մարմինը մշակի չափորոշիչներն ու ուղղորդման կարգերը, համայնքը պետք է արագ արձագանքի և օգնի բնակչին:

Ըստ փոխնախարարի՝ պետք է կրթել համայնքի սոցիալական աշխատողներին, գնալ խնդիրները կանխարգելելու ճանապարհով:

 

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հիշեցրել է, որ օրենսդրական առաջարկը կապահովի կառավարության ընդունած իրավական ակտերի իրավական հիմքը:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: