Կառավարությունը կզբաղվի օնլայն տաքսիների գործունեության հարցերով
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Ճանապարհային երթեւեկության արդի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական այսօրվա լսումների ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է տաքսիների համար խախտումների ավելի լիբերալ ռեժիմ սահմանել, պատասխանեց, որ կառավարությունը կզբաղվի օնլայն տաքսիների գործունեության կարգավորմամբ:
Նա նշեց, որ օրինագիծն արդեն ներկայացվել է վարչապետին եւ շուտով կքննարկվի: Սիմոնյանն ասաց. «Մենք ցանկանում ենք քննարկել տաքսի ագրեգատորների իրավական կարգավիճակը, որոնք բաշխում են տաքսիստների շրջանում պատվերները»: Փոխնախարարն ընդգծեց նաև, որ այդ օրինագծով ցանկանում են կարգավորել նաեւ 6-8 տեղանոց մեքենաներով փոխադրումների խնդիրը:



