չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կմասնավորեցվեն «Արմենիկում» և ««Հերհեր» ՀԷԿ» ընկերությունները

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կմասնավորեցվեն «Արմենիկում» և ««Հերհեր» ՀԷԿ» ընկերությունները

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի` առաջարկվում է 2017-2020 թթ. մասնավորեցման օբյեկտների ցանկում ընդգրկել պետական բաժնեմաս ունեցող «Արմենիկում» ՓԲԸ-ն եւ  ««Հերհեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն:

Նշվել է, որ ««Հերհեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունը չի համարվում մենաշնորհային. Հայաստանի հիդրոէլեկտրակայանների գերակշռող մասը մասնավոր է, իսկ պետության սեփականության ներքո ընկերության բաժնետոմսերը պահելու համար սահմանափակումներ չկան:

«Արմենիկում» ՓԲԸ-ի հետ կապված` ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

Ըստ հիմնական զեկուցողի` ընկերությունների` մասնավորեցման ցանկում ընդգրկելը ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացման, մրցակցային միջավայրի բարելավման, երկրի ՀՆԱ-ի ձևավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացման, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին ՀՀ պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացման նպատակ է հետապնդում:

Պատգամավորների հարցերն առնչվել են ընկերությունների շահութաբերությանը, դրանց մասնավորեցման նպատակահարմարությանը, գույքերի գնահատմանը և այլն:

Նիստը վարող մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է, որ մեծ նշանակություն ունի հատկապես «Արմենիկում» ՓԲԸ-ի մասնավորեցումը, և այն պետք է օտարվի` ապահովելով դրա թափանցիկությունը:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը, ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի, պայմանավորված է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների և վարչապետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից: Մասնավորապես, պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության և վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության և օրենքների հիման վրա, և դրանց իրականացումն ապահովելու նպատակով կարող են օրենքով լիազորվել Կառավարությանը և վարչապետին` ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Նշվել է նաև, որ պետական գույքի կառավարման բնագավառում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացում վեր են հանվել ոլորտային այն բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, որոնք թեև նախկինում ընդունվել են տվյալ ժամանակահատվածում գործող կարգավորումներին համապատասխան և շարունակում են գործել, սակայն ներկայում Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում, օրենքով նախատեսված լիազորող նորմերի բացակայությամբ պայմանավորված` խնդրահարույց են նաև պետական գույքի կառավարման ոլորտում նոր կարգավորումներ ավելացնելու նպատակով համապատասխան հանձնարարականների կատարումներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Ըստ հիմնական զեկուցողի` նախագծի ընդունման արդյունքում կբացառվի համապատասխան լիազորող նորմ չունեցող Կառավարության և վարչապետի որոշումների կիրառությունը:

Առնակ Ավետիսյանը նշել է նաև, որ հիմնարար բարեփոխումներ են իրականացվում պետական գույքի կառավարման համակարգում:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հարցերը քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում:

  • Կիսվել: