երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապանում նախատեսվում է կառուցել ոչ ֆորմալ կրթական հաստատություն՝ COAF-ի սմարթ կենտրոն

Կապանում նախատեսվում է կառուցել ոչ ֆորմալ կրթական հաստատություն՝ COAF-ի սմարթ կենտրոն

Նախատեսվում է Կապան խոշորացված համայնքում կառուցել սմարթ կենտրոն, որն առաջարկում է ոչ ֆորմալ կրթություն: Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Փոխնախարարը նախ խոսեց Կապանի ծրագրի մասին: Ծրագրի շրջանակում պետությունն ուսումնասիրել է 31 գյուղական բնակավայրերում շահառու երեխաների թիվը՝ թե նախադպրոցական, թե դպրոցական տարիքի երեխաներին, բնակավայրերի հեռավորությունը, տեղանքը, շենքերի վիճակը: Եվ այդ ուսումնասիրության արդյունքում 13 կրթահամալիրներում նախատեսվել է կազմակերպել կրթություն, որը թե նախադպրոցական, թե դպրոցական մակարդակի, թե լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման վայր է լինելու:

Փոխնախարարի խոսքով՝ կա հնարավորություն՝ ավելացնելու ոչ ֆորմալ կրթության բաղադրիչը: «ԵՄ-ի ծրագրերի շրջանակներում քննարկվում է նաև Կապան խոշորացված համայնքում COAF-ի՝ Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից սմարթ կենտրոնի կառուցման հնարավորությունը»,-ասաց Անդրեասյանը:

Լոռու Դեբեդ համայնքում գործում է այդպիսի կենտրոն, որը փոխնախարարը համարում ոչ ֆորմալ կրթության շատ լավ միջավայր: Այն 27 տարբեր բնակավայերից շուրջ 2000 երեխաների առաջարկում է տարբեր դասընթացներ, ընդգրկված են նաև նախադպրոցական տարիքի երեխաները: «Նմանատիպ կենտրոն կունենանք Կապան խոշորացված համայնքում: Եվ մեր ֆորմալ կրթության ծրագիրը, միանալով ոչ ֆորմալ կրթության այս միջավայրին, մի ամբողջ էկոհամակարգ կձևավորի և թույլ կտա, որ ունենանք շատ որակյալ կրթություն»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ դա ծրագրերից մեկն է, որ քննարկվում է ԵՄ-ի աջակցությամբ:

  • Կիսվել: