ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կանզասի նահանգապետ Լորա Քելին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կանզասի նահանգապետ Լորա Քելին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Ամերիկյան պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ բրիգադային գեներալ, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին:

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Տիկին Լորա Քելին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Հենրի Մորգենթաուի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտեց, որ Մորգենթաուի, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին: ՀՑԹԻ փոխտնօրենը հյուրերին ներկայացրեց Հիշողության պուրակի պատմությունը և նշեց, որ այնտեղ առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի»,- նշված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ֆեյսբուքի էջում:

  • Կիսվել: