Օրական 4-5 բաժակ սուրճ խմելն օգտակար է. սննդաբան
Հետազոտություններն ապացուցել են, որ սուրճը պաշտպանում է լյարդի ցիռոզից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդաբան Հասմիկ Աբովյանը:
Նա նշեց, որ սուրճը չի բարձրացնում արյան ճնշումը, այլ ընդհակառակը՝ իջեցնում է, ընդ որում՝ այն նաև ուժեղ միզամուղ միջոց է: Այդ հատկության պատճառով այն նաև ջրազրկում է օրգանիզմը, ուստի սննդաբանը խորհուրդ տվեց սուրճի հետ անպայման նաև ջուր օգտագործել:
Աբովյանի խոսքով՝ սուրճը պաշտպանում է տարիքային տկարամտությունից, ավելին՝ հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը պաշտպանում է գլխուղեղը Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններից, և իզուր չէ, որ Բժիշկների միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրը 4-5 բաժակ սուրճ օգտագործել: Սուրճը, ըստ սննդաբանի, դրականորեն է անդրադառնում նաև սիրտ-անոթային համակարգի ու աղեստամոքսային տրակտի վրա:
Հասմիկ Աբովյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ասում են՝ ճնշումս բարձրանում է, սուրճի փոխարեն թեյ եմ խմում, հիմա մոդայիկ է կանաչ թեյը, պաշտոնապես ասում եմ, որ կանաչ թեյի մեջ շատ ավելի բարձր է կոֆեինի տոկոսը, քան սուրճի մեջ»:



