երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Juli’s սրճարանում սալմոնելոզով վարակման դեպքեր են գրանցվել․ «Հետք»

Juli’s սրճարանում սալմոնելոզով վարակման դեպքեր են գրանցվել․ «Հետք»

Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո։ Ինչպես գրում է «Հետք»-ը,  Բոլորը Juli’s սրճարանում կերել են սաղմոնով բենեդիկտ, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Թունավորվածներից որոշները սուր թունավորման պատճառով տեղափոխվել են հիվանդանոց և ստացիոնար բուժում են ստացել։ Բոլորի մոտ գանգատները նույնն են եղել՝ բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխումներ, սուր փորացավ, լուծ։ Անալիզներ հանձնած որոշ քաղաքացիների մոտ ախտորոշվել է սալմոնելոզ։

Աուրիկա Օսելսկին «Հետք»-ին պատմեց, որ փետրվարի 6-ին առավոտյան իր եղբոր հետ այցելել է Juli’s սրճարան և պատվիրել է սաղմոնով բենեդիկտ։ Կեսը նա է կերել, կեսը՝ եղբայրը։ Երկուսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մի քանի ժամ անց։ Առաջին օրը բուժումը ստացել են տնային պայմաններում, բայց փետրվարի 7-ին երկուսն էլ ավելի են վատացել, երեկոյան շտապօգնություն են կանչել և նրանց տեղափոխել են Մալաթիա-Սեբաստիայի ինֆեկցիոն կենտրոն։

«Մեզանից առաջ հիվանդանոցում կար ևս երկու հոգի, որ նույն սրճարանում պատվիրել էին նույն բանը, մեզանից հետո էլ երկու կին բերեցին, նույն իրավիճակում։ Գիտեք՝ հիվանդանոցում բժիշկը երբ իմանում էր, որ Juli’s սրճարանում սնվելուց հետո են թունավորվել, կատակով ասում էր՝ թողեք գուշակեմ, սաղմոնով բենեդիկտ եք կերել»,-պատմում է Աուրիկան։ 

Բժիշկները միանգամից անալիզներ են վերցրել, և մինչ պատասխանը գար, Աուրիկան և իր եղբայրը մեկուկես օր մնացել են հիվանդանոցում, որից հետո որոշել են կաթիլային բուժումը ստանալ տանը։ Արդեն երկուշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, անալիզների պատասխանը եկել է և նրանց մոտ հաստատվել է սալմոնելոզ։

Աուրիկան պատմում է, որ հիվանդանոցում պայմանները շատ վատ են եղել։ «Պատկերացրու՝ դու անտանելի ցավերի մեջ ես, փսխում ես, կաթիլայինը միացրած ամեն հինգ րոպեն վազում ես զուգարան, իսկ զուգարանում նույնիսկ չկա զուգարանակոնքի նստատեղ, չկա տաք ջուր, նույնիսկ թուղթը մենք ենք բերել, ես չէի կարող այդտեղ մնալ։ Բժիշկները շատ հոգատար էին և պրոֆեսիոնալ, նրանց հանդեպ որևէ հարց չկա, բայց պայմանները՝ անընդունելի էին»,-ասում է Աուրիկան։

«Հետքը» զրուցել է նաև Աուրիկայի ընկերուհու՝ Կրիստինա Ասրյանի հետ։ Կրիստինան պատմեց, որ ամսի 7-ին զանգահարել է Juli’s սրճարան և տեղեկացրել է նրանց, որ Աուրիկան և եղբայրը հայտնվել են հիվանդանոցում։ 

«Երբ զանգեցի ու տեղեկացրի, ինձ հարցրին՝ կներեք, երե՞կ էլ էիք դուք զանգում թունավորման համար։ Ասացի՝ ոչ, բայց փաստորեն էլի է մարդ թունավորվել, առաջին դեպքը չէ։ Խառնվեց, ասաց՝ տնօրենը ձեզ կզանգի»,- պատմում է Կրիստինան։ 

Կրիստինային զանգել է տնօրենը և խոսք է տվել զանգել Աուրիկային։ «Բայց էդպես էլ չզանգեց, ես նորից զանգեցի Juli’s, ասացի՝ դուք ինձ խոստացել էիք, որ կզանգեք, ասաց՝ գիտեք ինչի չենք զանգել, որովհետև մեզ թվաց ձվերից է, մենք ձվերը ուղարկել ենք լաբորատորիա ստուգման»,-ասում է Կրիստինան։ Դրանից հետո միայն տնօրենը զանգել էր Աուրիկային և ներողություն էր խնդրել։

Աուրիկայի խոսքով՝ նա մեծ ծախսերի տակ է ընկել, քանի որ նա ՀՀ քաղաքացի չէ, բուժումը ավելի թանկ է եղել, վարակման պատճառով ԱՄՆ տոմսը ստիպված փոխել է, տան վարձակալության ժամկետն է երկարացրել։ «Ինձ տնօրենն ասաց, որ չեն կարող փոխհատուցել, ես էլ հույս չունեմ, որ կրած կորուստներիս գոնե մի մասը կփոխհատուցվի»,-ասում է Աուրիկան։

Կրիստինայի խոսքով՝ իր ծանոթի զարմիկները՝ 4 հոգի, նույնպես թունավորվել են Juli’s-ում նույն ուտեստը ուտելուց հետո, բայց բուժում ստացել են տնային պայմաններում։

Դիանա Մանգոյանն ու Ռուբեն Պատվականյանը «Հետքին» պատմեցին, որ Juli’s սրճարանում նույն ուտեստը պատվիրել են փետրվարի 6-ի երեկոյան, մի քանի ժամից երկուսն էլ վատացել են։ Դիանան ամբողջ գիշեր կայուն բարձր ջերմություն է ունեցել, փսխել է, սուր աղիքային ցավեր է ունեցել։ Հաջորդ օրը ծնողները բժշկի տնային կանչ են արել, Դիանային բուժում են նշանակել, մինչ օրս դեռ լիովին չի ապաքինվել։ Ռուբենը ավելի արագ է վերականգնվել, քանի որ քիչ էր կերել, բայց նա նույնպես մոտ հինգ օր սուր ցավեր է ունեցել։ 

«Հետքի» տվյալներով, առնվազն 20 քաղաքացի է թունավորվել, նրանցից ոչ բոլորն են ստացիոնար բուժում ստացել։

Ինչ է ասում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը

Թունավորման դեպքերի մասին «Հետքը» զրուցել է Սննդամթերքի անտվանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ (ՍԱՏՄ) Անուշ Հարությունյանի հետ։

«Թունավորումների մասին ահազանգը ՍԱՏՄ-ն ստացել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ուրբաթ օրը՝ փետրվարի 9-ին։ Արձագանքել ենք, նույն օրը գնացել ենք սրճարան, վերցրել ենք սննդի նմուշներ, որոնք տվել ենք լաբորատոր փորձաքննության։ Կարող է լինել նաև խաչաձև աղտոտում, ինչը նշանակում է, որ հիվանդ քաղաքացին, որը պատրաստում է սննդամթերքը, տարածել է ինֆեկցիան»,- ասում է Անուշ Հարությունյանը։

Լաբորատոր փորձաքննության ուղարկել են ձուն, ձուկը և սաղմոնով բենեդիկտի նմուշներ։ Փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն փետրվարի 14-ին։

Ինչ է ասում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)

ՀՎԿԱԿ-ից «Հետք»-ին հայտնել են, որ ինֆեկցիոն հիվանդանոց դիմել է 6 հոգի, անալիզներից հետո բոլորի մոտ հաստատվել է սալմոնելոզ։ Քաղաքացիներից 4-ը դիմել են փետրվարի 8-ին, 2 հոգին՝ ամսի 9-ին։ 

Մեր տեղեկություններով՝ բացի ինֆեկցիոն հիվանդանոցից, թունավորված մարդիկ բուժում են ստացել նաև այլ հիվանդանոցներում։ Ըստ էության, թունավորվածների մի մասը բուժումը ստացել է տնային պայմաններում։

Ինչ է ասում Juli's-ը

«Հետք»-ը զրուցել է Juli’s սրճարանի սեփականատեր Անժելիկա Իշխանյանի հետ։

Անժելիկան նշեց, որ քաղաքացիներից թունավորման մասին ահազանգեր ստանալուց հետո՝ ամսի 8-ից սկսած դադարեցրել են սաղմոնով բենեդիկտի մատուցումը։ 

Անժելիկան «Հետք»-ին տեղեկացրեց, որ ահազանգերից հետո իրենք էլ են տեղեկացրել ՍԱՏՄ-ին։ Նա հաստատեց, որ ՍԱՏՄ-ից եկել են, վիրուսի առկայությունը ստուգելու համար համապատասխան ստուգումներ են արել և սննդի նմուշներ են վերցրել։

Սրճարանը զգուշացրել է իրենց ձու և սաղմոն մատակարարող ընկերություններին թունավորման դեպքերի մասին։ Ըստ Անժելիկայի՝ մատակարարների՝ սննդի որակի մասին  ներկայացրած փաստաթղթերի հետ որևէ խնդիր չի եղել, և նրանք ընդունել են մթերքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: