երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը անշարժ գույք է ձեռք բերել Էմիրություններում․ Հետք

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը անշարժ գույք է ձեռք բերել Էմիրություններում․ Հետք

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը 2022 թվականին մոտ 1 միլիարդ 690 միլիոն դրամի եկամուտ է ստացել հորից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանից։ Այս մասին նշված է համայնքապետի՝ 2022թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում, փոխանցում է «Հետք»-ը։

Եկամուտը ձևակերպված է որպես ստացված փոխառություն։ Այս գումարի հիմնական մասը Արսենյանը ստացել է արտարժույթով՝ 83 հազար ԱՄՆ դոլար և ավելի քան 15,2 միլիոն Արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամ, որը ըստ Կենտրոնական բանկի փոխարժեքների արխիվի՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ համարժեք է եղել շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամի կամ 4.1 միլիոն ԱՄՆ դոլարի։

Աշոտ Արսենյանից ստացած գումարը գրեթե ամբողջությամբ նշված է նաև Ջերմուկի համայնքապետի ծախսերի բաժնում։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Վահագն Արսենյանը հայտնեց, որ նշված գումարը իր կողմից տրվել է որպես կանխավճար՝ անշարժ գույք և ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Նրա խոսքով՝ կանխավճարից բխող գործարքները շարունակվել և ավարտվել են 2023 թվականին։ «Անշարժ գույքը և ավտոմեքենան սեփականության իրավունքով ինձ փոխանցվել են 2023 թվականին և որպես սեփականություն արտացոլված կլինեն 2023 թվականին իմ կողմից ներկայացվելիք հայտարարագրում»,- նշված է համայնքապետի պատասխանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: