երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իսրայելի ու «Հեզբոլլահ»-ի միջև բախումների գոտին հեռու է հայաբնակ բնակավայրերից. Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն

Իսրայելի ու «Հեզբոլլահ»-ի միջև բախումների գոտին հեռու է հայաբնակ բնակավայրերից. Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն

Նախորդ ամիսներին «Հեզբոլլահի» և իսրայելական բանակի միջև տեղի ունեցած բախումները դեռ մնում են չափի մեջ և կրում լոկալ բնույթ՝ ի հակառակ սպառնալիքներով լի քարոզչությանը, որն իրականացվում է տարբեր ուղղություններով, բայց իրականում հակամարտությունը շարունակում է մնալ այն ծավալների մեջ, որն առկա է վերջին շրջանում։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը՝ անդրադառնալով իսրայելական բանակի կողմից Լիբանանի հարավային մի քանի բնակավայրերի հրթիռակոծությանը։ 

«Հաճախ տեսնում ենք փոխհրաձգություններ, սահմանային բնակավայրերին երկուստեք հասցվող հարվածներ, սակայն խաղի կանոնները չեն փոխվում և հակամարտության յուրաքանչյուր կողմ փորձում է հետևել այդ կանոններին՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից։ Չնայած պարբերաբար տեղի են ունենում հրթիռակոծումներ՝ կյանքն ընթանում է իր հունով և հակամարտության հարավային գոտուց հեռու բնակվող մարդիկ զբաղված են առօրյա հոգսերով։ Այդուհանդերձ, կա մտավախություն, որ ապագայում ինչ-որ պահի հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու վերածվել հավանական մեծ պայթյունի»,-ասաց Ավագյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ Իսրայելը վերջին օրերին իր ուշադրությունը Գազայի հատվածից սևեռել է Լիբանանի հարավի վրա։ Ավագյանի բնորոշմամբ՝ Իսրայելի վարչապետն անկանխատեսելի քաղաքական գործիչ է և միշտ ցանկանում է առաջ մղել իր ռազմատենչ քաղաքականությունը, ուստի դաշնակից գերտերությունների կողմից կանաչ լույս ստանալու դեպքում կարող է դիմել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։

«Այս պահին գերտերությունները հսկայական զինուժ են կուտակել Մերձավոր Արևելքում՝ թե՛ Միջերկրական ծովում, թե՛ շրջակայքում։ Արդեն խոսում են ամերիկյան 30 հազար զինվորականներից բաղկացած խմբավորման մասին, որը տեղակայվել է տարածաշրջանում՝ Իսրայելին պաշտպանելու և հնարավոր մեծ էսկալացիայի դեպքում նրա թիկունքին կանգնելու նպատակով։ Բոլորը սպասողական վիճակում են, քանի որ Կահիրեում տեղի ունեցած բանակցությունները ձախողվել են։ Թեև Իսրայելը ծանր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, սակայն այս պահին գերիշխում է մեծ էսկալացիան բացառելու ձգտումը, որովհետև Թել-Ավիվի դաշնակիցներին ու մյուս գերտերություններին ձեռնտու չէ հակամարտության տարածումը, և ժամանակն էլ պատեհ չէ դրա համար, ուստի ԱՄՆ-ն ձգտում է ամեն կերպ ազդել Իսրայելի վրա և զսպել նրա նկրտումները։ Իսրայելում էլ կան շրջանակներ, որոնք կարծում են, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում իրենց երկիրը վճարելու է բավականին թանկ գին»,- նշեց Լիբանանի «Վանա ձայն» հայկական ռադիոկայանի տնօրենը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: