երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իսրայելական հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի և վիրավորների թվում հայեր չկան. Շահան Գանտահարյան

Իսրայելական հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի և վիրավորների թվում հայեր չկան. Շահան Գանտահարյան

Իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով հայ համայնքի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, որովհետև հայ համայնքը հեռու է տեղակայված ռազմական, բախումնային գոտիներից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նշելով, որ երեկվա տվյալներով Լիբանանում ընդհանուր 1900 զոհ և հազարավոր վիրավորներ կան։

Հարցին, թե արդյո՞ք հայ համայնքի տարհանման կարիք կամ ծրագիր կա, Շահան Գանտահարյանը պատասխանեց.

«Ընդհանրապես ներկա պահի դրությամբ օտարերկրյա դեսպանությունները տարհանման գործողություններ չեն իրականացնում։ Չնայած որոշ կոչեր հնչել են. ԱՄՆ–ի դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել, որ դիվանագիտական անձանց ընտանիքներին տարհանելու են»։

Հարցին ի պատասխան թե հայերի շրջանում կա՞ն արդյոք իրենց միջոցներով Լիբանանը լքած քաղաքացիներ, «Ազդակ» թերթի խմբագիրն ասաց. «Մասայական խուճապային երևույթներ չկան, բայց ամեն դեպքում պատերազմական գործողություններ են, և մարդիկ մտածում են լքել վտանգավոր տարածքները։ Նման դեպքեր գրանցվում են, բայց ոչ մասայական։ Ներկա պահին հայտնի չէ, թե քանի հայ է հեռացել Լիբանանից»։ 

Խոսելով երեկ երեկոյան Իսրայելի կողմից Բեյրութին հասցված օդային հարվածների և դրանց հետևանքների մասին, մեր զրուցակիցը պատմեց.  «Երեկ հրթիռակոծումները շատ ուժգին էին, հետո պարզ դարձավ, որ Բեյրութի հարավարևելյան արվարձաններն են թիրախավորում: Թիրախավորել էին այն հավանական թեկնածուին, որ հաջորդելու է «Հեզբոլահի»  գլխավոր քարտուղարին։ Հարավի ուղղությամբ ևս ցավաքային գործողություններ և բուռն մարտեր են ընթանում։ Այդտեղից հակասական տվյալներ ունենք. Իսրայելն ասում է, որ իրեն հաջողվել է ներթափանցել Լիբանանյան տարածք, մինչդեռ Լիբանանյան կողմը հերքում են դա։ Իսրայելը նույնպես հայտարարում է, որ զոհեր և տուժածներ ունի, այսինքն այնտեղ ցամաքային բուռն մարտեր են, բայց առընթեր նաև օդային հարձակումները շարունակվում են»։

Շահան Գանտահարյանի խոսքով, երկու օր առաջ հայկական քաղաքական կուսակցությունները նիստ են անցկացրել և քննել են քաղաքական հնարավոր սցենարները։

«Կոչ են արել Լիբանանյան կողմերին սադրանքների չտրվել, հայ համայնքի միասնականությունը պահպանել, իսկ հայկական բարեսիրական միություններին կոչ են արել փախստականների ալիքի ահագնացման դեպքում ծրագրավորված աշխատել»,–հավելեց նա։

ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) գրասենյակից օրեր առաջ հայտնել էին, որ Լիբանանում ռազմական գործողությունների սրումից ի վեր մոտ 160 հազար մարդ փախել է Սիրիա։

«Սիրիան ամենամոտ հարևան երկիրն է, այնտեղից արդեն փախստականներ եկել էին Լիբանան, հիմա էլ այստեղից են գնում այնտեղ։ Բայց երեկ նաև դեպի Դամասկոս գնացող ճանապարհը հրթիռակոծվեց, այդ ճանապարհն այլևս չի գործում։ Փախստականների հսկա ալիք կա, որ հարավային շրջաններից դուրս է եկել և Լիբանանի ավելի հեռու, ապահով հատվածներ տեղափոխվել։ Օդանավակայանն աշխտատում է, բայց օտարերկրյա ավիաընկերությունները չեղարկել են իրենց թռիչքները, միայն Լիբանանյան ավիաընկերություններն են աշխատում»,–ասաց «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը։

  • Կիսվել: