ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցին Երևանում գիտաժողով է անցկացվել

Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցին Երևանում գիտաժողով է անցկացվել

Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցին Երևանի պետական համալսարանում անցկացվել է «Իմամ Խոմեյնիի բարոյական և միստիկ գաղափարներն ու հայեցակարգը» խորագրով գիտական հանդիպումը:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ գիտաժողովին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է, որ միջոցառման կազմակերպումը ոչ միայն կարևոր է գիտաճանաչողական տեսանկյունից, այլև օգնում է ստեղծել այն պարարտ հողը, որի վրա հիմնվելով՝ պետք է զարգանան Հայաստան-Իրան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հասարակական հարաբերությունները:

Նա ընդգծել է, որ գիտաժողովի շրջանակում ուսանողները կարող են Իրանի դիվանագիտական ներկայացուցիչներին հարցեր ուղղել և ստանալ պատասխաններ:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Երևանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սեյյեդ Ջավադ Թաբաթաբայի Ռադը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսներ Գառնիկ Գևորգյանը, Գարիկ Միսակյանը, ամբիոնի ավագ լաբորանտ Լիանա Պետրոսյանը, իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Զեկուցողներն անդրադարձել են «Իմամ Խոմեյնիի քաղաքական գաղափարախոսությունը և իրանական ազգայնականությունը», «Իմամ Խոմեյնին և նրա գաղափարները», «Իմամ Խոմեյնիի բարոյական և միստիկ գաղափարներն ու հայեցակարգը», «Մշակութային հեղափոխություն» հասկացությունից Իսլամական հեղափոխություն. Իմամ Խոմեյնի», «Իմամ Խոմեյնիի գաղափարական ազդեցությունը ԻԻՀ արտաքին քաղաքականության վրա Հարավային Կովկասում», «Իմամ Խոմեյնիի գաղափարները քաղաքական շիայականության վերաբերյալ և դրանց ազդեցությունը Մերձավոր Արևելքում», «Իմամ Խոմեյնիի քաղաքական հայեցակարգը և Իսլամական հեղափոխության արտահանման կիրառական օրինակներն Իրաքում» թեմաներին:

 

Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության համատեղ ջանքերով:  

  • Կիսվել: