չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրական փաստերը հնարավոր չէ հերքել. գիտաժողով՝ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների մասնակցությամբ

Իրական փաստերը հնարավոր չէ հերքել. գիտաժողով՝ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների մասնակցությամբ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնը եւ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտն այսօր կազմակերպել էին «Կովկաս-կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» միջազգային գիտաժողով, որին ներկա էին Կովկաս-կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների:

Ինչպես նշեցին կազմակերպիչները և մասնակիցները՝ երեւանյան համաժողովը հարթակ է, որտեղ հնարավոր է բարձրացնել եւ ճշմարիտ լույսի ներքո միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ոտնահարված իրավունքները եւ արդարացի պահանջը։

Միջազգային գիտաժողովի կազմակերպիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Կովկաս-կասպյան տարածաշրջանի իրական տեղաբնիկ ժողովուրդների մասին պատմական անհերքելի փաստեր վերհանելով՝ գիտական օբյեկտիվության շրջանակներում մերկացվում է ադրբեջանական մտացածին պատմությունը։

Նա նշեց, որ նման գիտաժողովների առաջ Ադրբեջանն անպայման հիստերիա է բարձրացնում, և այս անգամը ևս բացառություն չէր: Կազմակերպիչը հավելեց, որ ցանկացած արձագանք Բաքվի կողմից ապացուցում է, որ Ադրբեջանում բնակվող փոքրամասնությունները խնդիրներ ունեն տվյալ երկրում եւ խնդիրներ են հարուցում այդ երկրի համար։

Նշենք, որ հայաստանցի գիտնականներից բացի՝ երկօրյա գիտաժողովին մասնակցում են մոտ 20 օտարերկրյա մասնագետներ և հասարակական գործիչներ, այդ թվում՝ Կովկաս-կասպյան տարածաշրջանի տեղաբնիկների` թալիշների, լեզգիների, ավարների, օսերի և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ:

Ներկայումս Ռուսաստանում ապրող Իսմայիլ Շաբանովը, որը թալիշ ժողովրդի ներկայացուցիչ է և «Թալիշական սփյուռք» ՀԿ-ի նախագահն է, ասաց, որ ադրբեջանցիներն այսօր յուրացրել են բնիկ ժողովուրդների, մասնավորապես՝ թալիշների մշակույթը, գիտական ձեռքբերումները, եւ վարվող պետական ուծացման քաղաքականությունը թալիշների համար սպառալիք է։

«Ադրբեջանն իր պատմությունն այնքան է ուռճացրել, որ անգամ դաշնակից պետությունների պատմաբաններն են կասկածանքով վերաբերվում, քանի որ ներկայացված պատմության 5 տոկոսն անգամ իրականություն չէ։ Թալիշ ժողովրդին ցանկանում են դուրս հանել պատմության էջերից։ Մենք աղաղակում ենք դրա մասին։ Այսօր նրանք արգելում են մեզ ամեն ինչ, անգամ օրենքով արգելված է թալիշ բառի օգտագործումը։ Մեր ժողովուրդը դա գիտակցում է։ Մեզ չեն ների երիտասարդները։ Մենք փոքր ժողովուրդ ենք, ու մեզ ոչնչացնել են ուզում»,-ասաց «Թալիշական սփյուռք» ՀԿ-ի նախագահը:

Աշխարհաքաղաքական հետազոտությունների «Թալիշ» կենտրոնի փորձագետ, թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, քաղաքագետ Զահիրադդին Իբրահիմին նույնպես հաստատեց, որ Ադրբեջանը բացահայտ թշնամանքով է վերաբերվում տեղաբնիկ թալիշներին։ Պետականորեն կեղծ տվյալներ են ներկայացվում, թե այնտեղ բնակվող թալիշները 120 հազարի են հասնում, բայց, ըստ Իբրահիմիի, Ադրբեջանում իրականում կես միլիոնից ավելի թալիշ է բնակվում:

Սեւծովյան–կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն ասաց, որ տարածաշրջանի իրական պատմությունն այնքան է խեղաթյուրվել, որ դա արդեն վտանգավոր է։ «Բայց իրական փաստերը, անգամ ահռելի գումար ներդնելու դեպքում, հերքել հնարավոր չէ»,-վստահեցրեց նա։

Զախարովն ասաց նաև. «Պատմական փաստերի խեղաթյուրմամբ զբաղվողները ասում են, որ Խորհրդային Միության ժամանակ իրականությունը թաքցվում էր, իսկ այսօր բացահայտվում է։ Ստալինն իր ձեւով էր տեսնում կովկասաբնակների խնդրի լուծումը։ Նա բաժանեց Կովկասը, իրարից առանձնացրեց նույն ժողովուրդներին, ոմանց արտաքսեց՝  իրականացնելով իր թեզը՝ չկա ժողովուրդ, չկա խնդիր։ Առայսօր Կովկասի ժողովուրդները խաղաղության մեջ չեն ապրում, շատերը ապրում են մտացածին պատմությամբ` հարեւաններին համարելով թշնամիներ։ Սա ահավոր է։ Խնդիրները շատ են կուտակվել, բայց պատմական փաստերը հերքել հնարավոր չէ, իսկ նման գիտաժողովները շատ կարեւոր են ժամանակակից գիտության եւ Կովկասում խաղաղություն հաստատելու համար»։ 

  • Կիսվել: