ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ինձ մեղադրել են ստախոսության մեջ, մինչդեռ հրապարակել եմ պաշտոնական տեղեկատվություն. Կարապետյան

Ինձ մեղադրել են ստախոսության մեջ, մինչդեռ հրապարակել եմ պաշտոնական տեղեկատվություն. Կարապետյան

Armlur.am կայքը եւ «Ժողովուրդ» օրաթերթը նյութ են հրապարակել՝ ինձ բառացիորեն մեղադրելով ստախոսության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով 99 համարի երթուղայինի վարորդի անսթափ լինելու մասին իր հրապարակած տեղեկությանը:

Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Ըստ հոդվածագրի, փետրվարի 5-ի առավոտյան Իսակովի պողոտայում վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորդի արյան մեջ առկա ալակոհոլի քանակը եղել է նորմայի մեջ, հետեւաբար, իբր, դեպքի օրը իմ արած պնդումը վարորդի անսթափության մասին կեղծ է եւ որոշակի նպատակ է հետապնդում:

Հայտնում եմ, որ վարորդի անսթափ լինելու մասին տեղեկատվությունը հրապարակել եմ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայությունից ստացած ՊԱՇՏՈՆԱԿԱՆ տեղության հիման վրա, ըստ որի, վթարից անմիջապես հետո կատարված զննությամբ պարզվել է, որ վարորդի արտաշնչած մեկ լիտր օդի մեջ մաքուր ալկոհոլի քանակությունը կազմում է 0,989 մգ: Այսպիսով, ՎԻՎ օրենսգրքի համաձայն, վարորդը եղել է անսթափ վիճակում եւ ենթակա է վարորդական իրավունքից զրկման առնվազն 1 տարով: Կարծում եմ, դեպքի մանրամասների եւ իրավական հետեւանքների վերաբերյալ հետագա տեղեկատվությունը հնարավոր է ստանալ Ոստիկանությունից՝ սահմանված կարգով:

Մինչ այդ, քանի որ հիշատակածս նյութը տարածվել է առնվազն մեկ տասնյակ լրատվամիջոցներով, խնդրում եմ լուսանկարի մեջ պատկերված լրատվամիջոցներին՝ հրապարակել նաեւ իմ այս պարզաբանումը:

Իսկ թե ինչպես կարելի է կանխել ապատեղեկատվության այս հեղեղը, կարծում եմ, ապագան ցույց կտա»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի եւ 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղեւորները նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։

 

  • Կիսվել: