ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինձ համար դաս եղավ, որ անվճար պանիրը թակարդում է․ Քաղաքացին համացանցում խաբեության զոհ է դարձել

Ինձ համար դաս եղավ, որ անվճար պանիրը թակարդում է․ Քաղաքացին համացանցում խաբեության զոհ է դարձել

Հոգեբան Լիլիթ Քարդումյանը օրերս ֆինանսական խաբեության զոհ է դարձել․ գնացել է ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության հետքերով և տարբեր հրահանգների կատարման արդյունքում իր բանկային քարտից կորցրել 40 հազար դրամ։

«Միշտ շատ զգոն ու ուշադիր եմ եղել և հետաքրքիր է, որ միշտ զարմացել եմ, թե ինչպե՞ս են մարդիկ կարողանում խաբվել նման ակնհայտ խաբեությունների», -InfoPort.am-ին ասում է հոգեբանը։

Նրա պատմելով, հայտարարությունը, որի թակարդում ինքը հայտնվել է, եղել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Մերի Ներսիսյանի լուսանկարով։

«Վերջերս շատ եմ լսել, որ միջազգային կազմակերպությունները հովանավորում են սոցհարցումներին, ինքս ու իմ ծանոթներն էլ մասնակցել ու արել են սոցհարցումներ, շատ հավաստի թվաց այդ հայտարարությունը։ Մտա հղումով, այնտեղ մի քանի հարց էր գրված, որոնք այդքան էլ չէին առնչվում թեմայի հետ։ Հետո ինձ հրահանգեց ընտրել շահումը, և ես երեքից ընտրեցի մեկ արկղը, որի մեջ նշվում էր՝ 2450 ԱՄՆ դոլար։ Հեետո հրահանգվեց, որ գրեմ իմ բանկային քարտի համարը, որ գումարը փոխանցվի։ Արեցի։ Այնուհետև պահանջեց կոմիսիոն վճար՝ շահումը փոխանցելու համար, դա 1900 դրամ էր։ Դա էլ վճարեցի։ Հետո պարզվեց իմ քարտը միջազգային փոխանցումներ չի ընդունում, և փոխանցում անելու համար պահանջեց 8 հազար դրամ։ Դա էլ էր շատ հավաստի թվում, և ես փոխանցեցի։ Այնուհետև նշվեց, որ իմ քարտին արգելք է դրված, որը հենց հիմա վերացնելու համար պետք է վճարել 9 հազար դրամ, իսկ մեկ օր հետո՝ 6 հազար դրամ։ Ու ես որոշեցի 9 հազար դրամը փոխանցել՝ զուտ հավաստիությունը փորձելու համար։ Եվ այդպես ինձանից անընդհատ քայլեր էր պահանջվում գումար վերցնելու համար», -InfoPort.am-ին պատմել է Լիլիթ Քարդումյանը։

Նրա խոսքով, իր մոտ վստահություն է առաջացրել նաև այն, որ հաղորդավարի լուսանկարն է տեղադրված եղել հայտարարության հետ միասին։ Իսկ հայտարարության մեջ նշվել է․ «Խոշոր համաշխարհային ընկերությունները հովանավորում են սպառողական շուկայում սոցիալական հարցումների հավատարմության ծրագիրը։ Այսօրվանից յուրաքանչյուր բնակիչ կարող է մասնակցել այս հետազոտությանը՝ երաշխավորված կանխիկ վճարմամբ։ Հովանավորների վճարումները տատանվում են՝ կախված նրանից, թե որ ապրանքանիշն է կողմ քվեարկելու մասնակիցը։ Յուրաքանչյուր ապրանքանիշ ունի իր հովանավորության վճարը»։

Տիկին Քարդումյանի խոսքով, ոչ թե իր բանկային քարտից գումար են վերցրել, այլ ինքն է հետևելով հրահանգներին անձամբ փոխանցումներ կատարել։

Նա ասաց նաև, որ դիմել է բանկին, որտեղ ասել են պետք է դիմում գրել և որոշ ժամանակ անց կպարզվի՝ հնարավո՞ր է հետգանձում կատարե՞լ, թե ոչ։

«Ինձ մոտ հենց սկզբում էլ հարցեր առաջանում էին՝ արդյոք կասկածելի է, թե ոչ, բայց ես անընդհատ կարծես ուզում էի գնալ ինձ տված հարցերի հետքերով։ Այս մեկի մեջ ճշմարտացիության տարրեր կային, լսել էի, որ այս օրերին շատ են աջակցում միջազգային կազմակերպությունները։ Բացի այդ, հաղորդավարի խոսքին զուգահեռ վազող տողով էր գնում այդ հայտարարությունը, և ես չմտածեցի, թե խաբեություն կարող է լինել», -նշեց հոգեբանը։

Նա հորդորում է քաղաքացիներին զգույշ լինել և չհայտնվել խարդախների ծուղակը։ «Կխնդրեի, որ չընկնեին գայթակղիչ գովազդների ու հայտարարությունների հետևից։ Անպայման թող ստուգեն սկզբնաղբյուրը, թող զգոն լինեն։ Անվճար պանիրը միայն թակարդում է լինում։ Բայց ոչինչ ինձ համար դաս եղավ, գումարը չի ստացվի վերադարձնել, բայց զգոն կլինենք», -ասաց Լիլիթ Քարդումյանը։

Սոցիալական ցանցերում այս խաբեությանը անդրադարձել էր նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, գրելով, որ նոր խաբեության ձև է հայտնվել․ «Նոր շատ արագ տարածվող խաբեության ձև է։ Չհավատաք։ Գովազդով է գնում։ Մեկնաբանություններով էլ ֆեյքերով գրում են, իբր գումար են ստացել»։

  • Կիսվել: