երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչու է քաղաքապետարանը կասեցրել «Դերժավայի Արկադիի» տան պարիսպն ապամոնտաժելու իր իսկ որոշումը

Ինչու է քաղաքապետարանը կասեցրել «Դերժավայի Արկադիի» տան պարիսպն ապամոնտաժելու իր իսկ որոշումը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադի) պատկանող Նոյ թաղամաս 139/5 հասցեում գտնվող առանձնատան տարածքին հարակից պարիսպը այսօր՝ մարտի 9–ի առավոտյան քաղաքապետարանի որոշմամբ սկսել են ապամոնտաժել։ Կարճ ժամանակ անց, սակայն ապամոնտաժումը դադարեցվեց, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը կասեցրել է իր իսկ կայացրած՝ պարսպի ապամոնտաժման որոշումը։

Արկադի Համբարձումյանի փաստաբանը՝ Արթուր Մարտիրոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք կարողացել են քաղաքապետարանին ապացուցել, որ ապամոնտաժման որոշումն ապօրինի է։ Ըստ նրա՝ այս ամբողջն ընդհանրապես խայտառակ գործընթաց է։

«Երևանի քաղաքապետի՝ սույն թվականի փետրվարի 25-ի որոշմամբ՝ պարիսպը պետք է ապամոնտաժվի։ Մինչ այդ որոշման կայացումն Արկադի Համբարձումյանը, օգտվելով իր իրավունքներից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությունը, դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ինքնակամ պարիսպն օրինականացնելու նպատակով։ Մինչ օրս նշված հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը վարչարություն չի իրականացրել և գործարարը չի ստացել պատասխան՝ քաղաքապետարանը մերժո՞ւմ թե բավարարում է պարիսպի օրինականացումը։ Դրան հակառակ քաղաքապետարանը նախաձեռնել է գործողություն՝ ինքնակամ պարսպի քանդման ուղղությումբ։ Արկադի Համբարձումյանի փաստաբանները բողոքարկել են քաղաքապետի որոշումը՝ թե վարչական կարգով թե վարչական դատավարություն կարգով։ Պարսպի ապամոնտաժման վերաբերյալ որոշման բողոքարկման լսումները մինչ օրս չեն իրականացվել։ Այդ դեպքում ի՞նչ գործողություն է կատարում այսօր այստեղ Երևանի քաղաքապետարանը։ Ըստ մեզ՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության (ՔՀՎ) պետը, գերազանցելով իր իրավասությունները, որոշում է կայացրել, որ քաղաքապետի որոշման բողոքարկումը մեր կողմից անհիմն է, և մեր որոշումը մերժվում է։ Այսինքն՝ իրավական խնդիր է ստեղծվում. մենք բողոքարկում ենք քաղաքապետի որոշումը և բողոքարկման պատասխանը ստանում ենք քաղաքապետարանի վարչության պետերի մեկի կողմից։ Քաղաքապետարանի աշխատակիցները կարծես մի ձեռքում պահում են ՔՀՎ վարչության պետի որոշումը, մյուս ձեռքում՝ մուրճը, եկել են, որ որոշումը հանձնեն մեզ և անմիջապես սկսեն ապամոնտաժել պարիսպը։ Գործառույթն իրականացվում է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։ Խնդրում ենք վկայակոչել այն նորմը, որով ՔՀՎ պետն իրավասություն ունի որոշումներ կայացնելու ուղղված քաղաքապետի որոշման բողոքարկմանը։ Իրականությունն այն է, որ սա պատվիրված գործողություն է, որը բացառապես ուղղված է ձեռնարկատեր Արկադի Համբարձումյանի դեմ»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ Մհետապնդման» հետևում կանգնած է «Լույսեր» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հարևանությամբ իրականացնում է «ապօրինի» կառուցապատում։

«Կառուցապատման աշխատանքը, որը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, մի շարք նորմերի իրավախախտմամբ է իրականցվում, և ըստ մեզ՝ ոտնահարում է Արկադի Համբարձումյանի և իր ընտանիքի անդամների իրավունքները։ Սկզբից քաղաքապետարանը տվել էր հիմքերի շինթույլտվություն, որը քաղաքաշինության նորմերի կոպիտ խախտմամբ էր տրվել, որովհետև քաղաքաշինության մեջ նման հասկացողություն՝ ինչպիսին հիմքերի թույլտվությունն է, գոյություն չունի։ Երբ մենք այդ մասով հայցադիմում ներկայացրինք դատարան, այդ մասը հաշվի չառնելով՝ բողոքարկվող շինթույլտվության վրա Երևանի քաղաքապետարանը տվեց ևս երկու բարձրահարկ շենք կառուցապատելու շինթույլտվություն՝ 16 և 18 հարկ»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ Արթուր Մարտիրոսյանի այդ թույլտվության մասին իրազեկվելով՝ իրենք մասնակցել են վարչական վարույթին։ Նրա խոսքով՝ քանի դեռ հիմքերի շինթույլտվությունը վիճարկվում է, քաղաքապետարանը որևէ շինթույլտվություն տալ չի կարող։

«Վարչական վարույթը պետք է կասեցվի։ Բնականաբար, չկասեցվեց և մենք դիմեցինք դատարան վիճարկելու այդ երկու շինթույլտվությունները։ Նաև հայցադիմումին կից ներկայացրինք երկու միջնորդություն, որով խնդրել ենք կասեցնել շինարարությունը մինչև վեճը վերջնական լուծում գտնի։ Կասեցման հիմքում դրել էինք փորձագիտական եզրակացություն մոտ 60 էջից բաղկացած առ այն, որ կառուցապատման արդյունքում Արկադի Համբարձումյանի բնակելի տարածքն էական չափերով կարժեքազրկվի։ Նշված հիմքով երկու դատավորներ որոշումներ կայացրին կառուցապատվող երկու շենքերի շինարարությունը կասեցնելու վերաբերյալ»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ «Լույսեր» ՓԲ-ն հունվարի 13-ին իրազեկվել է այդ որոշումների մասին, սակայն մինչեւ օրս առանց դադարելու շարունակում է իրականացրել կառուցապատում․ «Տեղի է ունեցել ոստիկանության ներգործություն մեր դիմումների հիման վրա, և Երևանի քաղաքապետարանն առնվազն 6 անգամ ծանուցել է «Լույսեր» ՓԲ-ին դադարեցնել շինարարությունը»։

Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ Արկադի Համբարձումյանի տարածքին հարող պարիսպը բարձրավոլտ LED կայանի հարևանությամբ է և «Լույսեր» ՓԲ ընկերությունը փորձում է շահարկել այն հանգամանքը, որ ասֆալտապատելով ճանապարհը նրանց զրկել են ճանապարհի իրավունքից։

«Սա բացարձակ սուտ է և հերյուրանք։ «Լույսեր» ՓԲ-ն շինարական աշխատանքներ իրականացնելու համար օգտվում է այլ ճանապարհային ուղուց։ Ամիջապես մեր տարածքին հարակից գտնվում է համայնքային ճանապարհը, որը մենք որևէ կերպ ոչ զավթել ենք, ոչ էլ փորձում ենք դրա միջոցով որևէ այլ սուբյեկտի իրավունք ոտնահարել, սակայն «Լույսերը», աղավաղելով փաստերը, փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել՝ կարծես ձեռնակատեր Արկադի Համբարձումյանը ինչ-որ մեկի իրավունքները խախտել է։ Այս ամենը կատարվում է ի պատասխան մեր դատավարական գործողությունների՝ ուղղված իրենց շինարարությունը կասեցնելուն։ Փորձում են հակադարձել այն, ինչը մենք փորձում ենք օրենքի դաշտում օգտագործել»,- ավելացրեց փաստաբանը։

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: