Ինչո՞ւ են դատապարտյալների հանձնուկից միրգն ու քաղցրավենիքը հանում. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում բարձրաձայնեց «Վանաձոր ՔԿՀ-ի դատապարտյալների մասին, որոնք հացադուլի մեջ են։
Նրա խոսքով՝ այս պահին 20 դատապարտյալ հացադուլի մեջ են և այդ թիվն ավելանալու է, եթե օր առաջ քայլեր չձեռնարկվեն:
Բացի այդ, ըստ նրա, «Արմավիր» ՔԿՀ-ի 12 դատապարտյալների հարազատներ գրավոր դիմել են իրեն, ինչպես նաև ՔԿՀ պետին, որ հրաժարվում են տրամադրվող սննդից։
«Գիտեք, անհասկանալի է, եթե ծնողներին թույլ չեն տալիս հանձնուկով միրգ և քաղցրավենիք ուղարկել դատապարտյալներին, այդ դեպքում ինչո՞ւ են թույլ տալիս քարտ ունեցող կալանավորին քրեակատարողականի կողքի բուդկայից նույն միրգն ու քաղցրավենիքը գնել։ Այսինքն՝ այստեղ կա ակնհայտ անհամաչափություն։ Եթե ծնողները հանձնուկ են բերում, դրա միջից հանում են չոր քաղցրավենիքն ու միրգը, էդ դեպքում ինչո՞ւ են քարտ ունեցողներ դատապարտյալներին թույլ տալիս՝ նույն քաղցրավենիքը գնելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա կոչ արեց զբաղվել այս խնդրով, քանի որ հացադուլավորների թիվն ավելանալու է։



