ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ի՞նչ գործոններով պայմանավորած են Հայաստանում նախապատվությունը տալիս տղա երեխային

Ի՞նչ գործոններով պայմանավորած են Հայաստանում նախապատվությունը տալիս տղա երեխային

Հայաստանում ավելի շատ տղա երեխաներին նախապատվություն տալու ցուցանիշները սուր են եղել 1990-2000-ական թվականերին: Այդ ժամանակ երկրում ծնված երեխաների սեռային համամասնությունը եղել է հետևյալ կերպ՝ 120 տղա, 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնական է համարվում 105 տղա 100 աղջկա դիմաց համամասնությունը: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն այս հարցին առաջին անգամ անդրադարձ է կատարել 2010 թվականին և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցանիշը նվազել է:

«Այդ ժամանակ տվյալները ցույց տվեցին, որ ունեցել ենք 114 տղայի դիմաց 100 աղջիկ հարաբերակցությունը: Շնորհիվ պետության ու միջազգային կառույցների ջանքերի կարողացել ենք հասնել նրան, որ դրական միտումը պահպանվի: 2021 թվականին մենք ունեցել ենք 108,8 տղայի դիմաց 100 աղջիկ հարաբերակցությունը: Սա, իհարկե, հեռու է բնական ցուցանիշներից: Ցավոք, 2022 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք աճ 3 միավորով, սակայն չէի շտապի ասել, որ սրանք ամփոփ տվյալներ են: Սպասենք տարվա արդյունքներին»,- հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ անցկացրել է «Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածվածությունը և պատճառները» խորագրով հետազոտություն: Նպատակն է բացահայտել նոր տվյալներ սեռով պայմանավորված երեխաների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը, նախապատվությունը։  2022 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռով պայմանավորված երեխաների նկատմամբ հավասար վերաբերմունք ցույց տալու կշիռը նվազել է: Ընդհանուր առմամբ մարզերում նկատվում է, որ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն ավելացել է: Եթե 2017 թվականին հարցմանը մասնակցածների 75 տոկոսը Գեղարքունիքի մարզում ասում էր, որ հավասար վերաբերմունք է ցուցաբերում երկու սեռերի նկատմամբ, ապա այս տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ցուցանիշը նվազել է մինչև 60 տոկոսի: Ամենալավ ցուցանիշը Կոտայքի մարզում է՝ 77 տոկոս: Մայրաքաղաք Երևանում այս ցուցանիշը կազմում է 75 տոկոս: 

«Տղա երեխային նախապատվություն տալու պատճառները մի քանիսն են, բայց հիմնականը սոցիալ-տնտեսական գործոնն է: 91 տոկոսը նշում է, որ տղաներն ընտանիքի տոհմը շարունակողն են, 83 տոկոսը նշել է, որ տղաները հայրենիքի պաշտպան են, 67 տոկոսը նշել է, որ որդիները ունեցվածքի ժառանգորդներն են: Ասեմ, որ աղջիկ երեխային նախապատվություն տվողների 67 տոկոսը նշել է, որ դուստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին, 10 տոկոսի դեպքում նշել են, որ ընտանիքում աղջիկները քիչ են և ցանկություն կա աղջիկ երեխա ունենալու, 5 տոկոսը նշել է, որ ընտանիքում աղջիկների հանդեպ սերը մեծ է»,-ասաց  «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը:

Նա նշեց, որ առաջին երեխայի դեպքում սեռերի համամասնությունը հիմնականում պահպանվում է, մոտ է բնական մակարդակին: Երկրորդ երեխայի դեպքում արդեն սկսում է անհամամասնությունն աճել: Տվյալների համաձայն սեռերի ամենամեծ անհամամասնությունը 4-րդ երեխայի պարագայում է:

Հարցմանը մասնակցել է 1920 քաղաքացի Հայաստանի բոլոր մարզերից: «Բրեվիս» հետազոտական և խորհրդատվական ընկերության հետազոտությունների տնօրեն Հասմիկ Առաքելյանը նշեց, որ հարցվողները եղել են ՀՀ քաղաքացիություն ունեցող միայն 18-49 տարեկան այն կանայք, որոնք գոնե մեկ հղիություն արդեն ունեցել են:

«Հարցազրուցավարները եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, որպեսզի ունենանք հնարավորինս անկեղծ շփման միջավայր, հարցվողները կարողանան ազատ իրենց կարծիքն արտահայտել»,-ասաց Հասմիկ Առաքելյանը:

Հետազոտության արդյունքները ներկայացվելու են համապատասխան գերատեսչություններին: Զարուհի Տոնոյանի կարծիքով՝ աշխատանքներ պետք է տանել մի քանի ուղղություններով: Նախ անելիք կա դպրոցներում, հատկապես բարձր դասարաններում, անհրաժեշտություն կա վերապատրաստումներ անցկացնել առաջին բուժօգնության օղակում:

  • Կիսվել: