շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ի՞նչ անել, երբ երեխայի մոտ գրիպի ախտանշաններ կան․ Մանրամասնում է մանկաբույժը

Ի՞նչ անել, երբ երեխայի մոտ գրիպի ախտանշաններ կան․ Մանրամասնում է մանկաբույժը

Վերջին շրջանում հանրապետությունում այդքան տարածված շնչառական վարակի հիմնական ախտանշաններին և արդյունավետ բուժման մեթոդներին է անդրադարձել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., դոցենտ Կարինե Սիմոնյանը:

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։

Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են գալիս հաջորդ առաջին և երկրորդ օրերին և նյարդացնում են երեխային ավելի նվազ ձևով, քան ընդհանուր վիճակը:

Մասնագետի խոսքով՝ երեխաների մոտ գրիպի ախտանշանները կախված են նրանից, թե կլինիկական ինչ ձևով է ընթանում հիվանդությունը։

Կրծքի երեխաների մոտ, բժշկի տեղեկացմամբ, առաջին պլան է մղվում ընդհանուր վիճակի վատթարացումը, այսինքն՝ անհանգստությունը, կրծքի կաթից հրաժարվելը, թուլությունը, ախորժակի անկումը։

Խորհուրդներ ծնողներին՝

Անհրաժեշտության դեպքում պահպանել անկողնային ռեժիմ Չտալ հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, քանի որ դրանք վիրուսի վրա չեն ազդում։Չտալ երեխային ասպիրին՝ որպես ջերմիջեցնող միջոց, Ռեյի համախտանիշի առաջացման բարձր ռիսկի պատճառով։ Այդ համախտանիշին հատուկ են գլխուղեղի այտուցը, սրտխառնոցը, գիտակցության վատթարացումը։ Հնարավորինս խուսափել մինչև 12 տարեկան երեխաներին անալգին տալուց: Չկաթեցնել քթի մեջ հակաբիոտիկների լուծույթներ և անոթասեղմիչ կաթիլներ։Եթե քթի լորձաթաղանթը չորանում է և երեխան դժվար է շնչում, օգտագործում են աէրոզոլի կամ ֆիզիոլոգիական (ցանկալի է 0,9% NaCl) լուծույթի կաթիլներ։ Թարախային ռինիտի, այսինքն՝ քթից թարախային արտադրության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մանկաբույժի:Անթույլատրելի է առանց բժշկի հետ խորհրդակցելու օգտագործել հակավիրուսային միջոցներ։Անհրաժեշտ է օրվա ընթացքում 2 անգամից ոչ պակաս օդափոխել այն տարածքը, որտեղ գտնվում է երեխան։Սեզոնային գրիպի ժամանակ կարևոր է հնարավորինս խուսափել վարակի աղբյուրների հետ շփումից, քիչ օգտվել տրանսպորտից, զերծ մնալ հյուր գնալուց, սակայն հաճախակի զբոսնել երեխաների հետ մաքուր օդին։ Ավելի մեծ տարիքի երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակ։Անհրաժեշտ է նաև հաճախակի լվանալ ձեռքերը, քանի որ վարակը հեշտ փոխանցվում է կեղտոտ ձեռքերի միջոցով։

Ի՞նչ օգտագործել որպես ջերմիջեցնող միջոց․

«Պարացետամոլ, որը փոքրիկների համար նշանակվում է սիրոպների կամ ռեկտալ մոմիկների տեսքով։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար կարելի է օգտագործել նաև հաբեր։ Եթե ջերմությունը չի իջնում, սիրոպի տեսքով պարացետամոլի ընդունումից հետո, կարելի է օգտագործել երկրորդ դեղաչափը նաև իբուֆենի ռեկտալ մոմիկի տեսքով համապատասխան հասակային դեղաչափով»,-ընդգծում է Կարինե Սիմոնյանը։

Ջերմիջեցման համար, անհրաժեշտ է թեթև հագցնել երեխային և, իհարկե, տալ առատ հեղուկներ՝ մուս, թարմ հյութ, ջուր և ռեգիդրոն։

«Բարձր ջերմությունն, իհարկե, առաջացնում է անհանգստություն, ազդում է երեխայի ընդհանուր վիճակի վրա, սակայն պետք չէ մոռանալ, որ ջերմությունը օրգանիզմի իմունային համակարգի պաշտպանական ռեակցիան է վիրուսի հանդեպ», - հավելում է մանկաբույժը։

Կանխարգելիչ միջոցներից լավագույնը պատվաստումն է, սակայն, մասնագետի դիտարկմամբ, այն պետք է իրականացնել ժամանակին:

«Իմունիզացիայի օպտիմալ ժամկետներն են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները․ անհրաժեշտ է, որպեսզի երեխայի օրգանիզմը հասցնի «զինվել» պատվաստման դեմ հակամարմիններով», - եզրափակում է բժիշկ-գիտնականը։

  • Կիսվել: