չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Հյուսիս-հարավի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը

Հյուսիս-հարավի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի առանցքը կազմող Մ-1 և Մ-2 միջպետական ճանապարհների օտարման շերտերում ու պաշտպանական գոտիներում նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Կարգավորումը կտարածվի Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման՝ Բավրա, և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհների ամբողջ երկայնքի վրա։

Արգելքը կգործի նաև այդ ճանապարհների՝ բնակավայրերի սահմաններով, այդ թվում՝ Երևանի տարածքով անցնող տարանցիկ հատվածներում։
 

Նախագծով առաջարկվում է գովազդի կամ գովազդային վահանակի տեղադրման դիմումը մերժելու հիմք սահմանել, եթե այն նախատեսվում է տեղադրել նշված ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն ունի ռազմավարական, տրանսպորտային և լոգիստիկ նշանակություն։ Դրա ամբողջական գործարկմամբ նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանը լիարժեքորեն ինտեգրել Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային երթուղիներին։

«Իրավական ակտի նպատակը Հյուսիս-հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող Մ-1 և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է»,- նշված է հիմնավորման մեջ։

Նախարարության գնահատմամբ՝ գովազդային վահանակները կարող են շեղել արագընթաց ճանապարհներով երթևեկող վարորդների ուշադրությունը և վտանգել երթևեկության անվտանգությունը։ Տարբեր տեսքի, այդ թվում՝ ապօրինի կամ անխնամ վահանակները նաև խաթարում են ճանապարհների արտաքին տեսքը։

Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

  • Կիսվել: