կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունվար-փետրվարին քննություն հանձնող դիմորդները, որոնք անհաջողությամբ են հանձնում կամ գնահատականն իրենց չի բավարարում, հնարավորություն ունեն ամռանը մասնակցել քննություններին

Հունվար-փետրվարին քննություն հանձնող դիմորդները, որոնք անհաջողությամբ են հանձնում կամ գնահատականն իրենց չի բավարարում, հնարավորություն ունեն ամռանը մասնակցել քննություններին

Այս տարի բուհերի միասնական քննությունների առաջին փուլում, որը կայանալու է հունվար-փետրվարին, այն դիմորդները, որոնք անհաջողությամբ են հանձնում կամ գնահատականն իրենց չի բավարարում, հնարավորություն ունեն ամռանը մասնակցել քննություններին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, վերջին տարիներին, երբ տվյալ մասնագիտության քննության համար առարկան կամ-ով էր լինում, օրինակ, «Անգլերեն» կամ «Հայոց լեզու»,  դիմորդների ճնշող մեծամասնությունն ընտրում է  «Անգլերեն»։ Որպես կանոն «Անգլերեն» առարկայի քննության արդյունքները տարիներ շարունակ միշտ բարձր է  եղել։

«Երեխաների համար  կարծեք ավելի հեշտ է «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելը, քան մնացած առարկաներից։ Բնականաբար, իրենք օգտվելու են այդ հնարավորություններից։ Հիմա նույնը շարունակվում է. օրինակ, Իրավագիտություն մասնագիտության դեպքում «Պատմություն» առարկայից քննությունը պարտադիր է, «Անգլերեն» կամ «Հայոց լեզու»-ի դեպքում մեծամասնությունը նախընտրել է «Անգլերեն»»,- ասաց Կարո Նասիբյանը։

Ինչ վերաբերում է պետական ավարտական քննություներին, նա հայտնեց, որ դրանք արդեն սկսվել են։

«Երբ ներդրվեց այդ գաղափարը, սովորողները հիմնականում քննություն հանձնում են «Հայոց պատմություն» առարկայից։ Մոտ 22 հազար շրջանավարտ ունենք,  «Հայոց պատմություն»-ից քննություն է հանձնում  9165 շրջանավարտ, «Հայոց լեզու և  հայ գրականություն»՝ 4097, «Մաթեմատիկա»՝ 6218»,- ասաց  ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

  • Կիսվել: