ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՌՀ-ն կոչ է անում ոստիկանությանը՝ բացառել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող միջադեպերը

ՀՌՀ-ն կոչ է անում ոստիկանությանը՝ բացառել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող միջադեպերը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որպես հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող լիազոր մարմին, իր մտահոգությունն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ:
 
Հանձնաժողովը ցանկանում է ևս մեկ անգամ հիշեցնել ոստիկանությանը և ուժային այլ կառույցներին. յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի ներկա լինելու հանրային վայրերում կազմակերպված կամ ինքնաբուխ հավաքների՝ անկախ կատարվող գործողությունների բնույթից: Իրադարձությունների լուսաբանման համար որևէ մարմնի՝ իշխանական տարբեր կառույցների կողմից, իրազեկում և հավատարմագրում չի նախատեսում:
 
Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետևանքով խախտվում է Հայաստանի քաղաքացիների՝ երկրում ընթացող գործընթացների մասին օպերատիվ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը:
 
Հանձնաժողովը կոչ է անում ոստիկանությանը՝ քայլեր ձեռնարկել նման միջադեպերը բացառելու համար, իսկ հեռարձակվող կազմակերպություններին՝ Հանձնաժողովին տեղեկացնել ուժային կառույցների կողմից հեռարձակողների նկատմամբ ցանկացած ուժային գործողության վերաբերյալ:

  • Կիսվել: