շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հրավերի դեպքում պատրաստ եմ հանդիպել Գարեգին Բ-ի հետ. Ալեն Սիմոնյան

Հրավերի դեպքում պատրաստ եմ հանդիպել Գարեգին Բ-ի հետ. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քիչ առաջ տեղեկացել է այն մասին, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իրեն կոչ է արել հանդիպել Վեհափառի հետ:

Սիմոնյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Քիչ առաջ տեղեկացա, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հանդիսանալով լրագրող Աննա Իսրայելյանի "Երկրի Հարցը" հաղորդման հյուրը, հայտարարեց` մեջբերեմ՝ - Միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանին կոչ եմ անում, որ ժամանակ գտնի, գնա և հանդիպի Վեհափառ հայրապետին ․ ․ ․

Ասեմ , որ ես, վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը, կրկնում եմ, պատրաստ եմ հանդիպել Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի հետ, ցանկացած իրեն հարմար պահի` նման հրավերի դեպքում՛՛։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում  լրագրող Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ Վեհափառը մեծատառով է գրվում: ՛՛Դա ԱԺ փոխնախագահի տիտղոս չէ, որ 5 տարին մեկ փոխվի՛՛,- նշել է նա:

Նրան ի պատասխան՝  Սիմոնյանը նշել է. ՛՛Փորձեք զսպել ձեր մեջ հավաքված ատելությունն ու անհանդուրժողականություը և մյուս անգամ սահմանափակվել առանց կծոցների մեկնաբանություններով։ հ․գ․ Վեհափառը հիմա կսրբագրեմ՛՛:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարևորել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, իսկ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ Վեհափառի կողմից նման կոչով հանդես գալը ՛՛համարում է քաղաքականության մեջ մտնելու և դատարանի վրա ճնշում գործադրելու փորձ՛՛:

  • Կիսվել: