ՀՌԱՀ-ը կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար պատժել է երկու հեռուստաընկերության
Հայաստանում 2019 թվականին երկու հեռուսատընկերություն պատժվել են կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին։
«Ըստ ՀՌԱՀ 2019թ-ի գործունեության մասին տարեկան հաղորդման՝ նախորդ տարի երկու հեռուստաընկերություն պատժվել են, մեկը՝ կրոնական բնույթի հաղորդման ժամանակ խտրականության և ատելության խոսքի քարոզ իրականացնելու, մյուսը՝ հեռուստասերիալի ընթացքում ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու տեսարաններ ցուցադրելու համար։ Արդյոք սա վկայում է այն մասին՝ մենք ունենք այնքան ստերիլ հեռուստատեսություն, որ ընդամենը երկու դրվագ ենք ունեցել, որտեղ ատելության խոսքի և բռնության քարոզ է եղել, թե այն մասին, որ ՀՌԱՀ-ը չունի բավական գործիքակազմ արձանագրելու ավելի շատ դեպքեր»,- դիմելով ՀՌԱՀ նախագահին՝ հարցրեց պատգամավորը։
Հարցին ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանն ասաց, որ անկախ իրենց ցանկությունից, ստերիլ լրատվամիջոց կամ հեռուստաընկերություն չի լինում։
Նա միաժամանակ նշեց, որ հանձնաժողովը չունի համապատասխան գործիքներ, դա թույլ չի տալիս ոչ օրենսդրությունը, ոչ էլ ընդունված կանոնները, որոնք հնարավորություն կտան արձանագրել ցանկացած այդպիսի դեպքերը։
«Ամբողջ աշխարհում չափորոշիչները, որոնք բնորոշում են կրոնական խտրականությունը, բռնության տեսարանները շատ սահմանային գծի վրա են և այդ որոշումները թողնված են կարգավորող մարմինների վրա, որովհետև շատ դժվար է բնորոշել՝ ինչ բան է բռնությունը։ Բռնության տեսարաններ կան ցանկացած պատմական նշանակություն ունեցող ֆիլմերում»,- ասաց Տիգրան Հակաբյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի առաջին անգամ հանձնաժողովի պատմության ընթացքում երկու հեռուստաընկերություն պատժվել է կրոնական խտրականության և բռնության տեսարանների համար: «Առաջին անգամ օրենսդրության մեջ եղած նորմը կիրառել ենք: Մեկը եղել է մարզային հեռուստաընկերություն, մյուսը՝ հանրապետական սփռման: Մի հեռուստաընկերությունն իր մեղքն ընդունեց, մյուսը՝ վարչական հայցով դիմեց դատարան և բողոքարկում է մեր որոշումը»,-նշեց ՀՌԱՀ նախագահը։
Ըստ նրա՝ դա հիմնավորում է իր այն պնդումը, որ բռնության տեսարան չափորոշիչը հիմնավորելը և հեռուստաընկերություններին պատիժ ներկայացնելը շատ դժվար է:



