երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրաձգության հանրապետական մարզադպրոցը կմիավորվի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցին

Հրաձգության հանրապետական մարզադպրոցը կմիավորվի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցին

ԿԳՄՍ-ն առաջարկում է «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ին։ Այս մասին  տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։

Նախարարությունը հիմնավորում է, որ այդպիսով կլինի առավել հզոր գույքային ենթակառուցվածքներով ապահովված մարզադպրոց, որտեղ կստեղծվեն հրաձգության մարզաձևի զարգացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, կձևավորվի մարզիչ մանկավարժների փորձառու թիմ՝ ինչը կնպաստի հրաձգության զարգացմանը հանրապետությունում, ինչպես նաև հիմք կհանդիսանա 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու և առավել բարձր ցուցանիշներ նվաճելու համար:

Ներկայումս «Հրաձգության  հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործում են թվով 10 մարզիչ-մանկավարժների 18 (տասնութ)  մարզական խմբեր, որտեղ մարզվում են թվով 155 սան, մարզադպրոցը ունի իրեն հանձնված շենք-շինություն, որը վերանորոգված է մասամբ և գործում է ոչ բավարար պայմաններում:

 «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում 13 (տասներեք) մարզիչ-մանկավարժների հսկողությամբ 24 (քսանչորս) ուսումնամարզական խմբերում մարզվում են թվով 218 սան:

  • Կիսվել: