ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հոգեկան առողջության համաշխարհային օրվա նպատակն է խթանել ծառայությունների հասանելիությունը. քննարկում ԱՆ-ում

Հոգեկան առողջության համաշխարհային օրվա նպատակն է խթանել ծառայությունների հասանելիությունը. քննարկում ԱՆ-ում

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է, որի նպատակն է միասնական ջատագովության և գործողությունների միջոցով խթանել հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը բոլորի համար։ Օրվան ընդառաջ Հայաստանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի բարձրաստիճան պատվիրակությունը, որը առողջապահության նախարարության և «Հոգեկան առողջություն» ազգային կոալիցիայի հետ մասնակցել է հոգեկան առողջության առաջնահերթություններին նվիրված մի շարք հատուկ միջոցառումների և աշխատաժողովների։
 
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահության քաղաքականության և համակարգերի գծով տնօրեն դոկտոր Նատաշա Ազոպարդի-Մուսկատի, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլայի և հոգեկան առողջության գծով տարածաշրջանային խորհրդական դոկտոր Լեդիա Լազերիի ներկայությամբ միջոցառմանը մասնակցում էին հոգեկան առողջության ոլորտում գործող ազգային հասարակական կազմակերպությունները։
 
«Երբ վերջին տարիներին աշխարհում առողջապահական համայնքը խոսում է հոգեկան առողջության վրա համավարակի թողած ազդեցությունը հաղթահարելու մասին, մեզ համար կրկնակի, եռակի ծանր օրեր եղան ի թիվս համավարակի` 2020թ. 44-օրյա պատերազմ, սեպտեմբերի 13-ից սկսված սահմանային ագրեսիա, տեղահանվածներ Արցախից և ՀՀ սահմանամերձ շրջաններից, ուստի օրվա հրամայական է հոգեբանական օգնության պետական կարգավորումը և պետական ծրագրերով հոգեբանական օգնության ցուցաբերումը: 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ միջոցներ տրամադրեց հոգեկան առողջության բարելավման ծրագրեր իրականացնելու նպատակով: Մենք շարունակաբար աշխատում ենք մեր գործընկեր գերատեսչությունների հետ այս ծրագրերի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

  • Կիսվել: