շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հինգ տարի հետո ազգային փոքրամասնությունների ոլորտում տեսանելի արդյունք է գրանցվելու. Ռուստամ Բաքոյան

Հինգ տարի հետո ազգային փոքրամասնությունների ոլորտում տեսանելի արդյունք է գրանցվելու. Ռուստամ Բաքոյան

Վերջին 30 տարում Կառավարությունը ուշադրություն է դարձրել ազգային փոքրամասնություններին, բայց այդ ուշադրությունը բավարար չի եղել, և այն գործիքակազմերը, որոնք կիրառվել են, արդյունավետ չեն եղել: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և մի շարք միջազգային պայմանագրերով երաշխավորված է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Վստահ եմ, որ այս ոլորտում Կառավարությունը եկող 5 տարիների ընթացքում իր ուշադրությունը ավելի շատ է կենտրոնացնելու ազգային փոքրամասնությունների վրա»,- նշեց Բաքոյանը:

Պատգամավորի խոսքով` ներկայումս ազգային փոքրամասնությունները ունեն ինքնության պահպանման խնդիր: Բաքոյանի կարծիքով` Կառավարությունը եկող 5 տարիների ընթացքում պետք է այս ոլորտում շրջադարձային քայլեր ձեռնարկի և նոր գործիքակազմերով փորձի այս ոլորտը կարգավորել:

«Մենք ունենք լեզվի, մշակույթի, ավանդույթների պահպանման խնդիր, և այն մոտեցումները, որոնք մինչ այժմ եղել են, այդ թվում նաև դպրոցներում դասավանդելը, լրիվ անարդյունավետ են եղել: Ցավով  պետք է ասեմ, որ եզդիական համայնքի թիվը կազմում է 40 հազար, իսկ եզդիերեն լեզվի մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել: Հանրային ռադիոյում (աշխատելու համար) չենք կարողանում մասնագետ գտնել: Վստահ եմ, որ մեր մոտեցումները լրիվ այլ են լինելու, և մենք 5 տարի հետո տեսանելի արդյունք ենք ունենալու այս ոլորտում»,- եզրափակեց Ռուստամ Բաքոյանը:

  • Կիսվել: