Հիմա էլ համոզված չենք, որ մեզ մոտ չի լինի իտալական սցենարը. Նիկոլ Փաշինյան
«Մենք մարտին ունեինք հաշվարկ, որ եթե իրադարձությունները զարգանան իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում մենք կորոնավիրուսից կունենայինք 10 հազար մահ. մենք համոզված չէինք, որ այդ սցենարով կընթանա, եթե անկեղծ ասեմ՝ հիմա էլ համոզված չենք, որ այդ սցենարով կընթանա՞, թե՞ չէ», - այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, որքան էլ ռազմավարությունը լինի սահմանափակումներին չվերադառնալը, այդուհանդերձ, կարող է ստիպված լինեն գնալ այդպիսի որոշման:
«Կա մի պարագա, որ դա տեղի կունենա՝ երբ սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Այսինքն, եթե պարզվի, որ ՀՀ-ում կա 1500 հիվանդ, որոնք ասիմպտոմ չեն, մենք ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Այսօրվա 2000-ից ավելի դեպքերից միայն 600-ն են, որ որևէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս պահին թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ կա, իսկ Հայաստանում արդեն առկա է 100 այդպիսի սարք, եւս 70-ը գնման գործընթացում է:


