ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում հիվանդացության բարձր ցուցանիշներով շարունակում են առանձնանալ կրցքագեղձի և թոքի քաղցկեղը, երկու դեպքում էլ տարեկան 1300-ից ավելի դեպք ենք ունենում. ուռուցքաբան

ՀՀ-ում հիվանդացության բարձր ցուցանիշներով շարունակում են առանձնանալ կրցքագեղձի և թոքի քաղցկեղը, երկու դեպքում էլ տարեկան 1300-ից ավելի դեպք ենք ունենում. ուռուցքաբան

Բոլորիս հայտնի է, որ որքան շատ ենք խոսում խնդրից, այնքան շատ ենք նպաստում խնդրի լուծմանը: Փետրվարի 4-ը համարվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, դա ընտրված է այն պատճառով, որպեսզի մեկ անգամ ևս բարձրաձայնվի խնդիրը։ Հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում քաղցկեղի բոլոր տեսակներով կա հիվանդացության աճի որոշակի միտում , այդ առումով Հայաստանը շատ քիչ է տարբերվում այլ երկրներից. «Բուժման առումով տարբեր երկրներ ունեն տարբեր հաջողություններ: Հայաստանում առաջին տեղում արդեն տարիներ շարունակ կանանց շրջանում զբաղեցնում է կրցքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը, երկու դեպքում էլ տարեկան 1300-ից ավելի դեպք ենք ունենում: Կանանց շրջանում նաև արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես տարեկան 250 դեպք ունենք, շագանակագեղձի քաղցկեղի թվերն են բավականին շատացել՝ միջինում 350 դեպք է լինում: Անցյալ տարվա մարտից մենք սկսել ենք թվայնացնել այս տվյալները և այդ թվայնացման արդյունքում՝ մոտակա տարիներին կունենանք շատ ավելի պատշաճ  ինֆորմացիա վիճակագրության վերաբերյալ»:

Արթուր Ավետիսյանը նշեց հիվանդացության աճի պատճառները. «Ե՛վ կյանքի տեմպն է փոխվել, և՛ սննդի որակն է վատացել, և՛ նաև նշանակություն ունի կյանքի տևողության երկարումը, եթե տասնամյակներ առաջ միջին ապրելիությունն ավելի կարճ էր, հիմա ավելի երկար է, անգամ այդպիսի թեզ գոյություն ունի, որ ամեն մեկը չէ, որ այնքան է ապրում, որ հասնի իր ուռուցքին»:

Ուռուցքաբանը կարևորեց հիվանդության ժամանակին կանխարգելումը. «Եթե հակաուռուցքային պայքարը բաժանենք խմբերի, ապա կանխարգելումն է, որը լինում է բժիշկների կողմից և բնակչության կողմից, երկրորդը՝ վաղ հայտնաբերում, երրորդը՝ որակյալ ախտորոշում, մյուսը՝ որակյալ բուժում, հետո վերականգնողական փուլ, այս ամբողջ շղթայի ամեն մի բաղադրիչն ունի շատ կարևոր, բազմակողմանի մոտեցում: Եթե սկսենք կանխարգելումից, երբ մարդկանց հարցնում ենք, թե երբ են ստուգվել՝ այդ հարցի պատասխանը չեն կարողանում տալ: Եթե ինչ-որ մի բնակավայրում 100 կին կա, բոլորին անխտիր հրավիրում ենք անվճար մամոգրաֆիայի, լավագույնը նրանցից 40-ն են գալիս: Այդ 40-ից ում մոտ, որ խնդիրը գտնում ենք և ասում ենք, որ կարիք կա բուժման, այդ ժամանակ էլ չենք կարող նրանց բերել բուժման»:

 

  • Կիսվել: