երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը, Հակոբ Վարդանյանը և Քրիստինե Ղալեչյանն ընդունել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը:
 
Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործակցությունը և դրա ընդլայնումը: Նախարարի տեղակալը խոսել է տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի մասին՝ նշելով, որ այդ ծրագրերից շատերը կյանքի են կոչվել ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։
 
Յուրգեն Ռիգտերինկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցի նպատակն է քննարկել և հստակեցնել հետագա համագործակցության ուղղությունները: Պատվիրակության ղեկավարը հետաքրքրվել է ճանապարհաշինության, էներգետիկայի, ջրամբարաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներով:
 
Հակոբ Վարդանյանը և Քրիստինե Ղալեչյանը հանգամանալից ներկայացրել են էներգետիկայի և ճանապարհաշինության ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, խոսել տվյալ ոլորտներում Կառավարության ռազմավարությունից և առաջնահերթություններից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին հանդիպումներ կազմակերպել ոլորտները համակարգող փոխնախարարների հետ՝ հետագա աշխատանքներն ավելի հանգամանալից քննարկելու համար:
 

  • Կիսվել: