հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիները արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում. «Հետք»

ՀՀ քաղաքացիները արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում. «Հետք»

Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Նրանց տվյալներն օգտագործվել են եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար: Այդ ընկերութունները օգտագործվել են փողերի լվացման տարբեր մեխանիզմներում`  հանցագործություններ կոծկելու և քաղաքական գործիչների համար քարոզչություն հովանավորելու նպատակներով: Գրում է «Հետք»-ը։

«45-ամյա Մուշեղ Ջաբախջուրյանն ապրում է Երևանի ծայրամաս համարվող թաղամասերից մեկում` Նորքի 1-ին նրբանցքի համեստ մի տանը: Մուշեղը «Արարատբանկի» ինկասացիայում է աշխատել, բայց հիմա ի վիճակի չէ որևէ գործ անելու: 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նա Մատաղիսում է եղել, վիրավորվել է որովայնից և ականջից։ Աղիների մի մասը որովայնից դուրս են հիմա, լսողությունն էլ խաթարվել է: Նրա բուժումն արտերկրում կազմակերպելու համար բավարար ֆինանսական միջոցներ չունեն: 

Մուշեղը, սակայն, եվրոպական ընկերության, մասնավորապես` Լեհաստանում 2017թ. գրանցված Equimach Sp Zoo-ի հիմնադիր է, ինչպես նաև՝ այդ ընկերության խորհրդի նախագահը: Պարզապես նա չգիտի, թե այդ ընկերությունն ինչ նպատակով է հիմնադրվել և ինչ գործարքներ է անում:

Մուշեղը մեկն է տասնյակ այն ՀՀ քաղաքացիներից, որոնց տվյալներն օգտագործվել են եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար: Այդ անձինք տեղյակ են այնքանով, որ իրենց ծանոթ մարդկանց միջոցով հրավիրվել են եվրոպական տվյալ երկիրը, իջևանել լավագույն հյուրանոցներում, ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, մի քանի օր շրջել այդ երկրներում, լավ ժամանակ անցկացրել և վերադարձել տուն: Թե ինչի համար են հիմնադրվել այդ ընկերությունները և ինչ գործարքների մեջ ներքաշվել հետո՝ նրանց այլևս չի հուզել:

Եվրոպական իրենց ճամփորդությունների մասին պատմել կամ խոստովանել, թե ովքեր են իրենց հրավիրողները, և ինչ նպատակներով են այցելել տվյալ երկիր, այդ անձինք չեն ցանկանում:

Փողերի լվացման մասնակից ընկերությունները հիմնականում միմյանց բաժնետեր են, և գրեթե բոլորն ունեն նույնանման կայքեր, որոնք ստեղծվել են նույն երկու անձանց` Օրեսթ Բեքմենի (Orest Backman) և Անդրեյ Վաստորի (Andery Vastor) կողմից:

Forensic News-ի և «Հետքի» լրագրողները զրուցել են հիմնադիրների և տնօրենների մեծ մասի հետ, վերլուծել ֆինանսական փաստաթղթերը, դատական գործերը և բանկային փոխանցումները` հասկանալու համար, թե ինչպես է աշխատել այդ սխեման:

Ընկերություններից շատերը գրանցված են Կենտրոնական Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում: Դրանք օգտագործվել են փողերի լվացման տարբեր մեխանիզմներում` հանցագործությունները կոծկելու և քաղաքական գործիչների համար քարոզչություն հովանավորելու նպատակներով:

Forensic News-ի մեր գործընկերները զրուցել են արտասահմանյան մի շարք բանկային փորձագետների հետ, ովքեր պատմել են, որ Բալթյան բանկերը, նախորդ սկանդալներից հետո, ավելի ուշադիր են դարձել այն ընկերությունների նկատմամբ, որոնք հաշվեհամարներ ունեն իրենց բանկերում:

 Արդյունքում հանցագործները տեղափոխել են իրենց բիզնես-գործունեությունն այլ երկրներ: Այս սխեմայում դերակատարություն ունի Չեխիան: Տնօրեն հանդես եկող անձինք հենց Չեխիա են մեկնել այդ ընկերությունների համար բանկային հաշիվներ բացելու համար:

Չեխիայի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ավագ վերլուծաբան Մարեկ Քրոմին (Marek Chromy) մեր գործընկերների հետ զրույցում նշել է, որ Չեխիայի իրավապահ մարմինները կարող են բավականին անփույթ լինել ընկերությունների գրանցման պահանջների հարցում, ինչը բացեր է ստեղծում օրենքների կիրառման գործում:

Մեր առաջին այցելության ժամանակ Մուշեղը հերքեց, որ երբևէ եղել է Եվրոպայում և ինչ-որ ընկերություն է հիմնադրել: Սակայն երկրորդ այցելությանը, երբ ցույց տվեցինք իր իսկ հրապարակած սոցիալական ցանցի լուսանկարները` արված Եվրոպայում, ասաց, որ պատերազմում վիրավորվելուց հետո հիշողության հետ խնդիր ունի, գուցե նախորդ անգամ չի կարողացել հիշել և առհասարակ հիմա չի ուզում խոսել այդ մասին:

Մեր հարցերին, թե ինչ նպատակով է այցելել, ով է հրավիրել, ինչ ընկերություն է հիմնադրել և արդյոք ճանաչում է իր ստորագրությունը` հիմնադրման և մի շարք այլ փաստաթղթերի տակ, Մուշեղն անակնկալի եկավ և հուզված պատասխանեց.

«Ես եմ առել տոմսերը, գնացել եմ: Մտել եմ աերոպորտ, գնացել եմ: Մտել եմ դեսպանատուն, տոմսը առել, գնացել եմ,- արձագանքեց և հրավիրողների մասին մեր հարցից հետո բորբոքվեց,- չգիտեմ, ցավդ տանեմ, ինձ հանգիստ թողեք, ինձ հարցեր մի տվեք»:

Մուշեղն այդ ուղևորություններին միայնակ չի եղել: Նրա հետ է եղել նաև հարևան Գևորգ Սեթյանը: Մուշեղն ասում է, որ Գևորգը բանակի իր ծառայակիցն է, իրար հետ են մեծացել: Գևորգի անունով էլ գրանցված է լեհական Agrofusion Sp z.o.o. ընկերությունը:

Նորքի 1-ին նրբանցքի իր տան մոտ` մեքենայի ղեկին, շարժիչը միացնելու պահին կարողանում ենք հասնել Գևորգ Սեթյանին, որ մի քանի բառ փոխանակենք: Առաջին այցելության ժամանակ վերջինս տանը չէր, հեռախոսահամար էինք թողել դստեր մոտ, որ փոխանցեր հորը` մեզ հետ կապ հաստատելու և որոշ տարօրինակ հանգամանքներ պարզաբանելու համար: Գևորգը չէր զանգահարել մեզ և չէր ցանկացել մեզ հետ զրուցել: Մեր երկրորդ այցելությունն էլ նրա սրտով չէր, քանի որ մեր հարցերին հիմնականում պատասխանում էր` ձեր գործը չէ:

Գևորգ Սեթյանը 45 տարեկան է: Իր հետ մի քանի բառ փոխանակելուց հետո հասկացանք, որ որպես վարորդ է աշխատում, տաքսի է վարում, իր ասելով` օրական 3000 դրամի դիմաց: Թե ինչպես է այդ պայմաններում, սուղ միջոցներով ճանապարհորդել Եվրոպայում, կարողացել ընկերություն գրանցել Լեհաստանում, Սեթյանն այդպես էլ չցանկացավ մանրամասնել:

Սեթյանը եղել է Վարշավայում և Պրահայում ընկերության բանկային հաշվեհամարները բացելու համար: Նրա՝ սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարները ևս ապացուցում են, որ նա ճամփորդել է այդ քաղաքներ: Սակայն երբ նրան հարցրինք, թե ինչ նպատակով էր այցելել Լեհաստան կամ Չեխիա, միայն ասաց, որ «գնացել է ման գալու»: Ինչ առնչություն ունի կամ ինչի համար է հիմնադրել Լեհաստանում Agrofusion Sp z.o.o.-ն, Սեթյանը այս հարցին այդպես էլ չպատասխանեց: Անընդհատ ասում էր, որ շտապում է և մեզ հետ զրուցել չի ցանկանում: Պարզ էր, որ Սեթյանը մասնակից է եղել ընկերության հիմնադրման հետ կապված ինչ-որ գործողությունների, սակայն ինքն էլ, թերևս, չգիտեր, թե ինչի մեջ է ներքաշվել:

Մամունտի որդի Նիկոլայը նույնպես ներքաշված է այս սխեմաների մեջ: Նիկոլային է պատկանում Lynwood Capital Management Fund Limited ընկերությունը, որը բաժնետոմսեր ունի հանքարդյունաբերական ոլորտում գործունեություն ծավալող ռուսական Polymetal ընկերությունում: Հիշեցնենք՝ Polymetal-ը նաև որոշ ժամանակ ակտիվներ ուներ Հայաստանում` մինչև 2019-ը շահագործում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Բանկային փաստաթղթի համաձայն՝ 2020թ. ապրիլին Lynwood-ը սարքավորումներ ձեռք բերելու համար փոխանցել է $395,590 Մալայզիայում գրանցված մեկ այլ ընկերության` Protech Distribution Sdn. Bhd.: Protech-ի սեփականատերն էլ ՀՀ մեկ այլ քաղաքացի է` Արշավիր Արզումանյանը:

Արշավիրի տուն այցելելիս զրուցեցինք նրա մոր և կնոջ հետ: Երկուսն էլ հերքեցին, որ Արշավիրը երբևէ եղել է Մալայզիայում:

Արշավիրի կնոջ խոսքով՝ եթե իրենք նման ընկերություն ունենային, ապա ինչո՞ւ պիտի առավոտից գիշեր աշխատեին։

Սեթյանի հիմնադրած Agrofusion-ը նաև տրանսպորտային ծառայությունների համար 2018թ. մարտ և ապրիլ ամիսներին վճարում է կատարել Overstar Trade LLP ընկերությանը: Overstar-ի սեփականատերը Օլեքսի Վեկլան է, ուկրաինական Windrose Airlines-ի աշխատակիցը: Windrose Airlines-ն էլ իր հերթին պատկանում է ուկրաինացի օլիգարխ, Դնեպրոպետրովսկի մարզի նախկին ղեկավար Իգոր Կոլոմոյսկուն (Ihor Kolomoisky), որը ԱՄՆ-ի կողմից սանկցիայի է ենթարկվել և մեղադրվում է կոռուպցիայի և միլիոնավոր դոլարներ լվանալու մեջ:

Լվացքատուն կազմակերպող ընկերություններից մի քանիսը գումար են ստացել բանկերից, որոնց ակտիվները յուրացրել են սեփականատերերը:

Agrofusion-ը ստացել է 1.78 մլն դոլար Կիպրոսում գրանցված Volandia Reserve Limited ընկերությունից: Volandia-ն ստացել է ռուսական պորտֆոլիո Լիտվական Bankas Snoras-ից, որի սեփականատեր Վլադիմի Անտոնովը ձերբակալվել էր բանկի «ակտիվները դուրս հանելուց» հետո:

Ֆինանսական փաստաթղթերից մեկում Մուշեղի հիմնադրած Equimuch ընկերությունը 2018-ին դիմել է լեհական մեկ այլ` Worldtex Sp z o.o ընկերությանը, վճարել 410 եվրո վարձակալության ծառայությունների դիմաց:

Worldtex Sp z o.o- ի տնօրենը ՀՀ քաղաքացի Ռոզա Գրիգորյանն է: Ընկերության հաշվետվության համաձայն, Worldtex-ի բանկային հաշիվներն արգելափակվել են 2019թ. հունվարին Լեհաստանի գլխավոր դատախազության կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածանքով:

Ընկերություններից շատերը ստեղծվել են ArranConsult ծառայություններ մատուցող ընկերության կողմից, այս provider-ի կողմից ստեղծվել են նաև այլ ընկերություններ, որոնք ներգրավված են եղել մոլդովական սկանդալի մեջ։

ArranConsult-ի արխիվացված վեբկայքում երևում է ևս երկու ընկերություն` Dackon LP-ը և Balfern LP-ը, որոնց համասեփականատերը ևս Ռոզա Գրիգորյանն է։

Ռոզային առաջին անգամ հանդիպել ենք 2022-ի մայիսին, այդ հանդիպման ժամանակ նա հերքում էր, որ որևէ առնչություն ունի ինչ-որ ընկերությունների հիմնադրման հետ: Նրա խոսքը համոզիչ թվաց: Սակայն ավելի ուշ նրա ֆեյսբուքյան նկարներից պարզեցինք, որ եղել է և՛ Լեհաստանում, և՛ Չեխիայում։ 

Ռոզայի հետ մեր հաջորդ հանդիպումը այս տարվա հունվարին էր։ Նրան տանը գտնել չհաջողվեց, հեռախոսազրույցի ժամանակ նա պահանջեց հեռանալ իրենց տնից ու այդ հարցով այլևս իրեն չանհանգստացնել։ Ռոզան գեղեցկության սրահում է աշխատում, ուստի նրան հանդիպեցինք հենց աշխատավայրում։ Նրա խոսքով, ինքը ոչ մի կապ չունի այդ ընկերությունների հետ։ Մեր մի քանի հարցերից հետո Ռոզան ասաց, որ եթե ինչ-որ խնդիրներ էլ ունի, դա իր գործն է, ու ինքը կկարգավորի դրանք»։

ՀՀ քաղաքացիները` քարոզչություն և լոբբիստական ծառայություններ մատուցող ընկերություններում

Ըստ կայքի` Ռոզա Գրիգորյանի տնօրինած ընկերությունը` Balfern LP-ն ներգրավված է ԱՄՆ-ում լոբբիստական ծառայություններ մատուցելու գործընթացներում` ֆինանսավորելով այդ ծառայությունները, ներառյալ ուկրաինացի քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոյի լոբբիստական արշավները:

MKW Group-ը, որը լոբբինգ է արել Տիմոշենկոյի համար, ստացել է 40 հազար դոլար։

«Իրավաբանական Wiley Rein ընկերությունը, որը նույնպես լոբբինգ էր արել Տիմոշենկոյի համար, ստացել է 63 հազար դոլար երեք տարբեր ընկերությունից` Սինգապուրում հիմնադրված Vizientas Pte Ltd և Fenix Invest Pte Ltd, ինչպես նաև չեխական Venus Commercial Sro-ից: Venus Commercial Sro-ի տնօրենը նույնպես ՀՀ քաղաքացի է` Մարինա Ալիխանյանը:

Մարինային նույնպես այս տարվա հունվարին այցելել ենք։ Իմանալով, որ լրագրողներ ենք, նա դուռը չբացեց, խոստացավ զանգել հետո, սակայն որևէ կերպ մեզ հետ չկապվեց և չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Եվ վերջապես Մերիլենդում գրանցված ITBC LLC-ն, որը պատկանում է ուկրաինա-ամերիկյան ծագման Սերգեյ Կրասնիտսկուն, ստացել է 360,000 դոլար Vizientas and Venus Commercial ընկերություններից, կրկին Տիմոշենկոյի քարոզարշավի համար»:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

 

  • Կիսվել: