շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ոստիկանության պետը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության պետի հետ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության պետի հետ (տեսանյութ)

Հունիսի 2-3-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Փարիզում էր:

Ոստիկանության պատվիրակությանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոյը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Վահե Ղազարյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրմանն ու կառուցվածքային փոփոխություններին վերաբերող։

Վահե Ղազարյանը նաև շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին ՀՀ ոստիկանության ծառայողների համար հանցավորության դեմ պայքարի տարբեր ոլորտներում Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությամբ կազմակերպված վերապատրաստումների համար։

Ֆրանսիայի Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոն ևս կարևորել է երկու երկրների միջև հաստատված բարեկամական և աշխատանքային կապերը՝ մասնավորապես ընդգծելով փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել և զարգացնել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը գլխավոր կոմիսար, Ֆրանսիայի Ազգային ոստիկանության պետին հրավիրել է Հայաստան։

Այցի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ Ֆրանսիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության հանրային անվտանգության կենտրոնական վարչությունում, որտեղ ներկայացվել են մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության (այդ թվում և համացանցի միջոցով), կիբերհանցավորության, տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական անվտանգության պահպանման ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Ֆրանսիայի Ազգային ոստիկանության անվտանգության գծով միջազգային համագործակցության վարչությունում ներկայացվել են եվրոպական ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները։

Նպատակ ունենալով ծանոթացնել Ֆրանսիայի ոստիկանական տարածքային բաժանմունքներում իրականացվող աշխատանքներին՝ ՀՀ ոստիկանության պատվիրակության համար այց է կազմակերպվել նաև Փարիզի 13-րդ թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունք՝ կոմիսարիատ, որտեղ ներկայացվել են հանցագործությունների մասին, այդ թվում և էլեկտրոնային տարբերակով հաղորդում ընդունելու, դեպքի վայր մեկնելու, արձանագրություն կազմելու, հանցավորության վիճակագրության վարման կարգը։

Հնարավորություն է ընձեռնվել այցելելու նաև բաժանմունքում գործող ձերբակալվածների պահման վայր և ծանոթանալ գործող պայմաններին։

  • Կիսվել: