երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ՆԳ նախարարությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրազեկում է (տեսանյութ)

ՀՀ ՆԳ նախարարությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրազեկում է (տեսանյութ)

ՀՀ ՆԳ նախարարությունը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ իրազեկում է ընտրական գործընթացներին առնչվող քրեորեն դատապարտելի արարքների մասին։

ՆԳ նախարարությունն իր հաղորդագրության մեջ մասնավորապես նշել է, որ ըստ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախընտրական քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ այլ կերպ խոչընդոտելը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։

«Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված նաև ընտրակաշառք ստանալու համար։ Օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ ընտրակաշառք ստանալը՝ ընտրությանը մասնակցելու, որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելն է, որի առավելագույն պատիժը ազատազրկումն է մեկից երեք տարի ժամկետով: Իսկ նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՆԳ նախարարությունը հիշեցնում է, որ պատասխանատվություն է նախատեսված ընտրակաշառք տալու համար։ Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտրակաշառք տալ է համարվում ընտրությանը մասնակցելու, որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք առաջարկելը, խոստանալը կամ տալը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

Նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

«Պատասխանատվություն է նախատեսված նաև ընտրակաշառքի միջնորդության համար: Օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը պատժվում է առավելագույնը մեկից երեք տարի ժամկետով ազատազրկմամբ։ Նույն արարքը, որ կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»,- նշված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: