չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՀՀ-ն այն բացառիկ երկրներից է, որտեղ կա պարգեւատրման հնարավորություն, բայց չկան թեստավորման համար միջոցներ. Վարդեւանյան

ՀՀ-ն այն բացառիկ երկրներից է, որտեղ կա պարգեւատրման հնարավորություն, բայց չկան թեստավորման համար միջոցներ. Վարդեւանյան

Սահմանադրական դատարանում այսօր ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության հարցով դիմող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը ներկայացրեց իր բացատրությունները։

Նա նշեց, որ այսօրվա քննության առարկան վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որը միաժամանակ նաեւ պարունակում է իրավունքի տեսությունից եկող մի քանի կոլիզիոն իրավիճակներ. «Թե արդյոք կարո՞ղ է ամենակարեւոր հարցի պայմաններում որոշում կայացվի Սահմանադրության հստակ սահմանված կարգը խախտել. կարծում եմ՝ հենց նաեւ այս հարցին էլ ենք ստանալու պատասխան այդ գործի շրջանակներում։ Կարծում եմ՝ բարձր դատարանն ուներ օբյեկտիվ բոլոր հնարավորությունները շատ ավելի սեղմ ժամկետներում նշանակել այս նիստը։ Մենք ներկայացրել էինք դիմումը սեպտեմբերի 24-ին այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենայինք մոտ 400 հազար մարդու վրա ազդեցությունը որոշակիորեն կասեցնել եւ պարզել՝ արդյոք այս ճանապարհը սահմանադրակա՞ն է։ Ես կարծում եմ՝ իրավունքի սահմանադրականության հետ աղերս չունեցող հրաման է»»

Արամ Վարդեւանյանն ընդգծեց՝ ինքն ու իր հարազատները պատվաստված են, եւ դեմ չեն պատվաստմանը. «Իշխանական քարոզչամեքենայի տրամաբանությունն այն է, որ այս հարցը ներկայացնելով ՍԴ, հակապատվաստումային քարոզ է կատարում։ Տրամաբանության հետ նույնիսկ առնչություն չունեցող միտք, բայց սա է իրականությունը»։

Մյուս կողմից Վարդեւանյանը նկատեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Հայաստանում մտահոգիչ է. «Եկեք հասկանանք, իրավիճակը մտահոգիչ է, որովհետեւ, մեր գնահատամամբ, ակնհայտ հակասահմանադրական հրամաններ են ընդունվո՞ւմ ոլորտի լիազոր մարմնի կողմից, թե՞ ենթադրենք երբ նոր էր կորոնավիրուսային համավարակը տարածվում Հայաստանում, Հայաստանի ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող անձանցից գնահատականներ էին հնչում՝ «այս վիրուսն այնքան սարասափելի չէ, որքան այդ մասին խոսում են. Նիկոլ Փաշինյան», «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի. Նիկոլ Փաշինյան», «քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան»։ Հենց նույն Արսեն Թորոսյանը ճամփորդությունից վերադառնում է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնում է՝ այնտեղից, որտեղից վերադարձել է, մեծ թվով վարակակիրներ կան, եւ ինքը բոլորին վարակելու է, լրագրողներին դիմելով ասում էր՝ այ դուք, լրագրող, որ դիմակ եք դրել, դա ձեզ փրկելո՞ւ է։ Այս մակարդակի անլրջացնող հայտարարություններ արվել են ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կողմից»։

Արամ Վարդեւանյանը շեշտեց՝ իշխանություններն այդ հայտարարություններն անում էին այն բանի համար, որ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին անցկացվեու էր հանրաքվե՝ ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար. «Այդ ժամանակ կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, բայց հիմա արդեն երբ դիմում ենք ներկայացնում այս հրամանի վերաբերյալ մենք վերածվում ենք հակապատվատումային քարոզ անողի»։

Ըստ Վարդեւանյանի՝ ինչպե՞ս է ստացվել, որ Առողջապահությանը նախարարը ենթադրել է, որ ինքը կարող է իր հրամանով նախատեսել պարտականություններ ՀՀ բոլոր աշխատողների համար, բոլոր գործատուների համար. «Որոշել է, եթե այդ կարգավորումներին համապատասխան չգնաք ու չպատվաստվեք, կգնաք ձեր միջոցների հաշվին կթեստավորվեք ու կներկայացնեք գործատուին, գործատուն էլ դա պետք է հաշվառի. իսկապե՞ս»։

Նա պնդեց, որ դա մեկ անձի որոշելու հարցը չէ։

Վարդեւանյանի կարծիքով՝ պատվաստումային քաղաքականության վրա այդ հրամանը բացասական հետեւանք առաջացրեց։

Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասին (սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները ենթաօրեսնդարական նորմատիվ իրական ակտով սահմանում է առողջապահության բնագավառում պետական-կառավարման լիազոր մարմնի ղեկավարը)։ Վարդեւանյանի խոսքով՝ այստեղ խնդիր է առաջանում այն մասով, թե ինչպե՞ս պետք է մեկնաբանվեն այդ «կանոնները».

«Եթե կանոնը կազմակերպչական բնույթի հանգամանք է, սահմանադրականության խնդիր չի առաջացնի, եթե կանոնն ինքնին միջամտություն նախատեսող կանոն եւ պետք է նախատեսվի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մակարդակում, սահմանադրականության խնդիր առաջացնելու է։ Ի վերջո կան հարցեր, որոնք կարգավորվում են Կառավարության որոշմամբ, կան հարցեր, որոնք կարգավորվում են նախարարի հրամանով եւ կան հարցեր, որոնք կարգավորվում են օրենքների մակարդակում»։

Վարդեւանյանը պնդեց, որ Հայաստանում առկա ֆինանսական պայմաններում 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտումն աշխատողի հաշվին դնելը, կամ նման պարտականություններն ուղղակիորեն հրամանի մակարդակով գործատուների վրա դնելը  չի համապատասխանում Սահմանադրության 39-րդ հոդվածին, 57-րդ հոդվածին. «Որովհետեւ աշխատանքային իրավահարաբերությունների մեջ միջամտություն է կատարվում կրկին մի հրամանի զուտ պայմաններում»։

Նա նկատեց, որ սեփականության իրավունքի տեսանկյունից նույնպես խնդիր է առաջացնում, որովհետեւ ՊՇՌ հետազոտություն չանելու այլընտրանքը աշխատանքից ազատվելն է.

«Այսինքն՝ մարդուն դնում են անելանելի իրավիճակի մեջ։ Կամ միջամտում ենք նրա ֆիզիկական անձեռնմխելիությանը կամ ասում ենք՝ գնա միջոցներիցդ ծախսի եւ կատարի ՊՇՌ հետազոտումը, որի միջոցները կարող է անձը չունենալ, որովհետեւ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է։ Հայաստանի Հանրապետությունն այն բացառիկ երկրներից, որտեղ կա պարգեւատրումների բացառիկ հնարավորություն եւ ֆոնդ պետական աշխատողների համար, բայց Հայաստանի Հանրապետությունում չկան նույն միջոցները ՊՇՌ հետազոտումները փոխհատուցելու համար»։

  • Կիսվել: