ՀՀ դեսպանի ուղեկցությամբ հունգարահայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան դպրոց
Սեպտեմբերի 11-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ հունգարահայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց և իրենց նվիրաբերությունը կատարեցին՝ դպրոցը տեխնիկապես հագեցնելու նպատակով, հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։
Մասնավորապես՝ Հունգարիայի խորհրդարանի հայկական ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը նվիրեց նոր համակարգիչներ, իսկ հայկական արմատներով հունգարացի հայտնի բժիշկ, պրոֆեսոր Գեզա Աբգարովիչը նվիրեց ժամանակակից էլեկտրոնային գրատախտակ, ինչը նորություն էր դպրոցի համար:
Դպրոցի տնօրեն Զինա Խաչատրյանն իր երախտագիտությունը հայտնեց բարերարներին, իսկ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում խորհրդանշական և շատ կարևոր համարեց, որ Հունգարիայի հայերը, որպես գործընկեր դպրոց, ընտրել են հենց Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը: Հունգարիայի խորհրդարանի պատգամավոր Ն․Հակոբյանն իր խոսքում նշեց, որ այս օգնությունը լինելու է շարունակական և հունգարական կողմի աջակցությամբ դպրոցում կիրականացվեն նաև վերանորոգման աշխատանքներ։
Դպրոցի տնօրենը բարերարներին հանձնեց դպրոցի շնորհակալագրերը, իսկ սաները հանդես եկան երաժշտական կատարումներով: