հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ավիաընկերություններն աքցանի մեջ են հայտնվել Հայաստանի ավիացիոն իշխանությունների անգործության պատճառով. Ճաղարյան

ՀՀ ավիաընկերություններն աքցանի մեջ են հայտնվել Հայաստանի ավիացիոն իշխանությունների անգործության պատճառով. Ճաղարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում ՛՛Զարգացումներ տարածաշրջանային ավիացիայում՛՛ վերտառությամբ գրառում է արել, որտեղ նշել է, որ ՀՀ ավիաընկերություններն աքցանի մեջ են հայտնվել Հայաստանի ավիացիոն իշխանությունների անգործության և «հեղափոխական փոփոխությունների» իրագործման պատճառով:

Նա, մասնավորապես, գրել է. Ռուսաստանի ավիափոխադրումներում տիրող իրավիճակը մեզ թելադրում է, թե ինչպիսի քաղաքականություն կվարեն այդ երկրի ավիաընկերությունները Covid-19 համավարակից հետո:

Նրանք արդեն սկսել են դադարեցնել երկար, հետևաբար օդանավերի նստատեղերի թերբեռնվածության պատճառով ավելի ռիսկային թռիչքներից:
Իսկ դա փաստում է նրա մասին, որ ռուսական ընկերությունները շեշտը դնելու են մոտ տարածությունների թռիչքների վրա:
ՌԴ Հեռավոր Արևելքից, սովորաբար մեծ պահանջարկ ունեցող դեպի ծովափնյա քաղաքներ ուղղությունների վրա նստատեղերի 70 %-ից ցածր զբաղվածության պայմաններում նրանք թռիչքները սկսել են կազմակերպել Մոսկվայով: Այսինքն Հեռավոր Արևելքից կամ ՌԴ Հյուսիսային մարզերից Մոսկվայով համակցված թռիչքների դեպքում մի կերպ զբաղեցնում են և մինչև Մոսկվա, և Մոսկվայից դեպի հարավ ուղղությունները:

Պարզ ասած` էն, որ, օրինակ` Խաբարովսկ-Սոչի 300 տեղանոց օդանավի 210 տեղը չեն կարողանում վաճառել գոնե զրո կանգնեու համար, էդ թռիչքը հանում են, ու տեղը դնում 200 տեղանոց օդանավ Խաբարովսկ-Մոսկվա-Սոչի տարանցիկ թռիչք, որի 180 տեղն էլ որ վաճառեն, շահույթով են դուրս գալիս: Իհարկե, ուղևորի հաշվին:

Բայց դա նույնպես բավարար չէ «ծանրակշիռ»` բազմաթիվ օդանավեր ունեցող ավիաընկերությունների բոլոր օդանավերի և անձնակազմների բավարար զբաղվածություն ապահովելու համար:
Հետևաբար նրանք ավելի ագրեսիվ քաղաքականություն կորդեգրեն, հատկապես կարճ` մինչև 3-3,5 ժամանոց ուղղությունների վրա:
Այդ ուղղությունների շուրջ պայքարը կսաստկանա նաև այդպիսի հեռավորությունների համար նախատեսված, ավելի փոքր` մինչև 200-210 տեղանոց օդանավերով, որոնց ավելի հեշտ կլինի լցնել ուղևորների մինիմալ եկամտաբերության քանակով:

Եվ Երևանն այդպիսի ուղղություններից մեկն է:
Այսինքն` սպասվում է մրցկցության թեժացում նույնիսկ ռուսական ընկերությունների միջև, դեպի ՀՀ գլխավոր օդային հանգույց` «Զվարթնոց» օդանավակայան:
Ինչը ավելի կբարդացնի դեպի ՌԴ կանոնավոր թռիչքներ կատարող հայկական միակ ավիաընկերության` «Արմենայի» դրությունը:

Ռուսական կողմն անպայման կշահարկի մեր ապիկար ավիացիոն իշխանությունների EASA սև ցուցակում հայտնվելու փաստը:
Ինչպես, օրնակ, Իսրայելը: Որը վերոնշյալ «Արմենիա» ավիաընկերությանը նույն պատճառաբանությամբ մերժել է դեպի Թել-Ավիվ թռիչքների թույլտվություն տրամադրելուց:
ԱԺ-ում Փոխվարչապետ Ավինյանի հեգնանքը դեռ այն ժամանակ ես անվանեցի ոչ մասնագիտական ցինիկություն` թե բա ի՞նչ ունեյինք, որ մի հատ էլ զրկվենք, մի հատ Լիոնի թռիչք էր, էլի:
Հիմա ավելացավ Թել-Ավիվը: Ինչպես նաև դեպի Բեյրութ թռիչքներ կատարելիս են մեր օդանավերը մոտ 10 րոպեյով հատում ԵՄ օդային տարածքը: Ինչի իրավունքից նրանք նույնպես զրկվեցին ՔԱԿ ապիկարության պատճառով:
Հաջորդիվ սպասվում է նաև Թուրքիայի ավիացիոն իշխանությունների կողմից կիրառվելիք նմանօրինակ որոշումը` իրենց օդային տարածքը նույն, թռիչքային անվտանգության նկատառումներով, հայկական գրանցմամբ օդանավերի համար փակելը:

Հաջորդ վտանգը կայանում նրանում, որ ռուսական մեծ ավիաընկերությունները նույն` «սև ցուցակի» պատճառաբանությամբ կփորձեն Հայաստանում միջազգային նորմերով, երկնքի ազատության 5-րդ աստիճան ստանալով, Հայաստանից թռիչքներ կատարել դեպի երրորդ երկրներ:

Այսպիսով ՀՀ ավիաընկերություններն աքցանի մեջ են հայտնվել Հայաստանի ավիացիոն իշխանությունների անգործության և «հեղափոխական փոփոխությունների» իրագործման պատճառով:

Բայց չկա չարիք առանց բարիքի:
Աշխարհի բոլոր երկրները վերանայում են իրենց մտեցումները սեփական ավաընկերությունների, հետևաբար` երկրի շահերի պաշտպանության հարցերում:
Վերանայվում են նախորդիվ կնքված, ինչպես միջպետական, այնպես էլ ավիաընկերություններ հետ ունեցած պայմանագրերը:
Վերանայվում են նաև հարկերի և տուրքերի հանդեպ մոտեցումները: Սրանց մասին ես արդեն գրել եմ: Եվ օրերս նորից կտեղեկացնեմ արդեն ավելի թարմ տեղեկություններով:

Հայաստանը ՊԱՐՏԱՎՈՐ է վերանայել նախկինում կնքած իր բոլոր պայմանագրերը և պետությունների, և ավիաընկերությունների հետ: Սրբագրելով նրանք, բացառելով նախկինում թույլ տրված բոլոր բացթողումները, ազգային գերակա շահի ներդրմամբ:

Ես այս դրույթը առաջարկել եմ դեռևս որպես վարչապետի խորհրդական աշխատելուս առաջին օրվանից:
Իսկ սրանից հարմար առիթ չի եղել մինչ օրս, և էլ չի լինի մոտակա տարիներին:

Մնում է պետական գերակա շահի, անվտանգության և ինքնիշխանության հանդեպ մոտեցումները դիտարկել պետության կողմից ֆինանսավորվող լոուքոստ խաբեությունից մի փոքր ավելի երկարաժամկետ կտրվածով: Եվ ոչ երկրի ամբողջ ուղևորահոսքի 2-3% -ում 2-3% էժան տոմսերով կարճաժամկետ աչքակապության շրջանակներում՛՛:

Ճաղարյանն իր գրառմանը կցել է հետևյալ հղումը:

  • Կիսվել: