ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայտնի «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար 9 շենքի բակում, զրուցարանի մոտ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Նշված զրուցարանի տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ազատ Խաչատրյանն ու Վանիկ Լալայանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Ժամակոչյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Հ․ Ժամակոչյանի կողմից սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դատաբժիշկը դեպքի վայրի զննություն էր կատարում, Կենտրոնի ոստիկանները՝ ՔՀԲ պետ Ս․ Մամիկոնյանի գլխավորությամբ, պարզել են դիակի ինքնությունը, ով մշտական բնակության վայր չունեցող 63-ամյա Աշոտ Մ․-ն է։


  • Կիսվել: