Այսօր վնասազերծված ադրբեջանցին խոստովանել է, որ հայերի արյուն է թափել
«Մենք թափեցինք հայի արյունը. Մենք գլխատեցինք հայերին. Իսկ հիմա մենք դեռ ողջ ենք, ոչ թե մեռած»,-ասում է այսօր Կապանում բնակիչների կողմից բռնված ադրբեջանցին սոցցանցերում տարածված տեսանյութում։
«Եթե նույնիսկ մահանանք, թող մեզ գնահատեն։ Մենք հայրենիքի դավաճան չենք»,- նշել է նա տեսանյութում, որը, ըստ տելագրամ ալիքների, տեսագրել է հեռախոսով մինչև ձերբակալությունը։
Ըստ տեսանյութի խոսքը գնում է երեկ Սյունիքում սպանված ԶՊՄՀ-ի 56-ամյա աշխատակցի մասին։ Մինչդեռ այսօր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք»:
Հիշեցնենք, որ 2023թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի ԶՊՄԿ-ի պահակակետում մահացած տղամարդու մարմին կա, որի վրա առկա են հրազենային վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով: Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սյունիքի մարզի Բնունիս համայնքում հայտնաբերվել էր, մեկ այլ ադրբեջանցի զինծառայող, որը հայտնել էր, որ փախուստի են դիմել ադրբեջանական բանակում հոռի բարքերի պատճառով։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր Նախիջևանի հատվածում իր երկու զինծառայողների անհետանալու մասին։ Այս փաստի առթիվ Ադրբեջանը դիմել է միջազգային կառույցների։


