երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 18-22-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին:

Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է քսան տարուց ավելի: Ցուցահանդեսում ներկայացվում է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն:

Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամա-նակակից գրականություն (մանրամասները՝ armlit.am կայքում): Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է:

Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է լինելու Հայ կինոյի 100-ամյակին՝ ունենալով թեմատիկ ձևավորում:

Հայկական պատվիրակության կազմում են «ԱՐԻ», «Առաջին» գրական գործակալությունները, «ԱՐԻ» գրականության հիմնադրամը, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը»:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ազգային տաղավար ունենալու նպատակն այն է, որ հայ գրական գործակալները և հրատարակիչները կարողանան իրենց հանդիպումներն ազատորեն նշանակել մեր տաղավարում, ներկայացնել իրենց հրատարակությունները, գրողներին, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ, ծանոթանալ գրքերի ձևավորման միջազգային միտումներին և նորարարություններին՝ դրանք կիրառելով Հայաստանում: Ցուցահանդեսներին մասնակցության շնորհիվ է նաև, որ Հայաստանում այժմ գրահրատարակչության, հատկապես գրական թարգմանությունների վերելք կա:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համարվում է համաշխարհային գրականության ինտեգրացիոն կենտրոն, որտեղ գրքերը, հեղինակներն ու ընթերցողները կենդանի շփման հնարավորություն ունեն։ Պատահական չէ, որ գրքի տոնավաճառի բացման արարողությունից սկսած՝ մինչև համաժողովներն ու ներկայացումները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու ինտելեկտուալները ուղերձներ են հղում աշխարհաքաղաքական ճգնաժամի լուծումների և խաղաղության մասին։

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր այլ ընկերությունների, մեդիամասնագետների՝ առաջարկելով համագործակցության և հաղորդակցության ֆունկցիոնալ կարևորագույն պլատֆորմ։

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին նախորդ տարի մասնակցում էին ավելի քան 90 երկրի շուրջ 4000 ցուցադրողներ, 90000-ից ավելի ոլորտային մասնագետներ, մոտ 87000 այցելուներ, 6000-ից ավելի լրագրողներ և մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ:

Գրքերը և ծրագրերը ներկայացվում են ազգային և անհատական տաղավարներով, այդ թվում՝ քննարկում-միջոցառումներով, ցուցադրություններով։ Ֆրանկֆուրտն այս օրերին համարվում է աշխարհի գրքասերների հանդիպման վայր, որտեղ հարաբերվում են ազգային մշակույթները, արժեքային համակարգերը, աշխարհաքաղաքական բախումների վերաբերյալ երկխոսություն-քննարկումները, քաղաքակրթությունները, գրավոր ժառանգությունները, չորրորդ իշխանությունը։

2023 թվականը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի համար առանձնահատուկ տարի է. այն տոնում է հիմնադրման 75-ամյակը:

  • Կիսվել: