հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում. վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում. վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում: Գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝  մեր երկրում այն տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտիկ սցենարով, իհարկե, եթե հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ:

«Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ երկրաչափական պրոգրեսիա, փառք Աստծո, չկա: Կա որոշակի աճ, բայց այս իրավիճակը հսկողության տակ պահելու համար կարևոր է, որ այս մեկ շաբաթում սահմանված սահմանափակումների ռեժիմը խստագույնս պահպանենք»,- նշեց վարչապետը:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ 2019 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Երևանում օրական միջինը եղել է 550 հազար ուղևոր, որ տեղափոխվել են տարբեր տրանսպորտային միջոցներով։ Մինչդեռ, ըստ նրա, մարտի 25-ի դրությամբ եղել է 18 հազար ուղևոր, այսինքն՝ ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է: Մոտավորապես նույն պատկերն է մարզերում։

«Մեր քաղաքացիները բավականին գիտակցաբար են մոտենում սահմանափակումներին: Իհարկե խախտումներ ևս լինում են: Ոստիկանությունը երեկ 158 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել։ Եւս մեկ անգամ խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին, քանի որ դրանք արվել են միայն առողջապահական նկատառումներով, վարակի հնարավոր տարածումը կանխելու համար։ Մենք այս ժամանակն օգտագործում ենք տեխնոլոգիապես վերազինվելու,  կանխարգելիչ մեխանիզմները բարելավելու համար: Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, մենք կփորձենք տեղավորվել այս 7- օրյա ժամկետում և չխնդրել ավելի օրեր»:

Տիգրան Ավինյանը նաև խոսեց թեթև դեպքերի ժամանակ պացիենտներին հյուրանոցներում տեղավորելու մասին՝ կոչ անելով նման համագործակցության գնալ ցանկացող հյուրանոցներին կապ հաստատել կառավարության հետ:

Նա նաև ասաց, որ ներկայումս հյուրանոցները ճգնաժամի մեջ են, ամբողջ աշխարհում նույն վիճակն է, ուստի այս ծրագիրն ինչ-որ ձևով կմեղմի վիճակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: