Հայաստանում հայրության արձակուրդ կտրվի
ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես տրվում է հայրության արձակուրդի հնարավորություն։
Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Փամբուխչյանն ու Նարեկ Զեյնալյանը։
Ծովինար Վարդանյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ ամրագրվում է՝ մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի:
Նախագծով սահմանվում է նաև հայրության արձակուրդ։ «Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ իրենց խմբակցությունն առաջարկում է՝ նախատեսված 5 օր արձակուրդի առաջին երկու օրվա համար վճարի գործատուն, իսկ 3 օրվա համար պետությունը, դրանով վերջինս նույնպես պարտավորություն կստանձնի: Սակայն հանձնաժողովը քվերակությամբ մերժեց այդ առաջարկը։
Նախագծով փոփոխվում է նաև Օրենսգրքի այն դրույթը, որով նախատեսվում են երաշխիքներ հղի կանանց և երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող, մինչև մեկ տարեկան երեխա խնամող անձանց համար:
Նշենք, որ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին։



