Հայաստանում Covid-19-ի դեմ շուրջ 1.5 մլն պատվաստումից անաֆիլաքսիա է առաջացել 6-ի դեպքում
Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացված շուրջ 1.5 մլն պատվաստման պարագայում անաֆիլաքսիա, այսինքն՝ օրգանիզմի ծանր ալերգիաբանական ռեակցիա, առաջացել է ընդամենը 6 դեպքում: Այս մասին այսօր լրագրողների համար կազմակերպված դասընթացին ասաց Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Անաֆիլաքսիայի վտանգ կարող է լինել պատվաստումից 15 րոպեից հետո մինչև 40 րոպեի ընթացքում: Անաֆիլաքսիան հիմնականում պատվաստանյութի բաղադրիչներից մեկի նկատմամբ օրգանիզմի գերզգայուն ռեակցիան է: Այդ դեպքում, օրինակ, իջնում է զարկերակային ճնշումը, կարող է առաջանալ շնչահեղձություն և այլն:
ՀՎԿԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնից Պիրիջիտա Սիմոնյանը նշեց՝ անաֆիլաքսիան շատ սուր պրոցես է, արագ զարգացող:
Մասնագետները վստահեցնում են, որ բոլոր բուժհաստատություններն ապահովված են բուժառուին անաֆիլաքսիայից հանելու համար նախատեսված դեղորայքով: