շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում բացվեց «Տեսլա Էներջի» ավտոսրահը

Հայաստանում բացվեց «Տեսլա Էներջի» ավտոսրահը

Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյան համայնքի հատվածում պաշտոնապես բացվեց «Tesla Energy» ընկերության ավտոսրահը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավտոսրահում ներկայացված են առաջնային և երկրորդային շուկայի «Տեսլա Մոթորս» ընկերության արտադրած էլեկտրամոբիլների բոլոր մոդելները` Տեսլա S, Տեսլա մոդել Y-ը, Տեսլա X -ը, Տեսլա 3-ը, որոնց համար տրվում է 2 տարվա կամ 50 հազար կիլոմետր երաշխիք։ Սրահում գործում են ավտոտեխսպասարկման կենտրոն «Տեսլա» էլեկտրամոբիլների և լիցքավորման կայաններ բոլոր տեսակի էլեկտրամոբիլների համար։ Հաճախորդների համար գործում է նաև էկոմթերքների «Sola» սրճարանը։

«Tesla Energy» ավտոսրահը հիմնադրվել է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող առաջատար «Solara» և ամերիկյան «LA Solar Group» ընկերությունների կողմից։

«Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը զուգահեռ մենք նախաձեռնել ենք գործընթաց, որի արդյունքում կզարգանա էկոլոգիակապես մաքուր ավտոմեքենաների տարածումը Հայաստանում: Մեր տեսլականի շուրջ ձևավորված բոլոր անելիքները, որոնք մենք սահմանել ենք, գաղափարից՝ դեպի իրագործում, արագընթաց քայլերով կյանքի են կոչվում և դրանցից հերթականն աշխարհի առաջատար էլեկտրամոբիլների ավտոսրահի իրականություն դառնալն է: Մենք հասանելի ենք դարձրել Տեսլա էլեկտրամոբիլը մեր երկրում: Հայաստանի տնտեսական կայունության և զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ուշադրությունն էլ ավելի կենտրոնացնենք նորարարության և աշխարհում առաջատար տեխնոլոգիաների կիրառման վրա»,- ասաց «Solara» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը։

Պետրոսյանը նաև նշեց, որ բարձր որակավորում ունեցող և արտերկրում վերապատրաստում անցած ավտոտեխսպասարկման կենտրոնի մասնագետները կվերանորոգեն բոլոր տեսակի «Տեսլա» մեքենաները և կիրականանցնեն որակյալ ախտորոշում:

«Տեսլա» էլեկտրամոբիլը ձեռք բերելու համար առաջարկվում են ձեռքբերման բազմաթիվ պայմաններ՝ միանվագ, փուլային վճարման տարբերակներ, նախապատվեր և լիզինգ։

«Ակբա Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանի խոսքով՝ Հայաստանում կանաչ տեխնոլոգիաների զարգացման նպատակով տարիներ առաջ «Ակբա Լիզինգ»-ը ստեղծել է «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որի ուղղություններից է նաև էլեկտրամոբիլների ֆինանսավորումը։

«Այսօր «Tesla Energy» ընկերության հետ մեկնարկում է բացառիկ պայմաններով էլեկրամոբիլների ֆինանսավորման նախաձեռնությունը։ Վերջին տարիներին «Ակբա Լիզինգ»-ը աննախադեպ աշխատանքներ է իրականացրել էլեկտրամոբիլների տարածումը Հայաստանում խթանելու ուղղությամբ, որի արդյունքում «Ակբա Լիզինգ»-ի միջոցով բազմաթիվ էլեկտրամոբիլներ են ֆինանսավորվել»,- ընդգծեց Գասպարյանը։

Գասպարյանը հայտնեց, որ «Ակբա Լիզինգ»-ի պայմանները հասանելի են ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց:

«Իրավաբանական անձանց եվրոյով տրամադրման դեպքում տարեկան տոկոսադրույքը

սկսվում է 2%-ից, իսկ դրամի դեպքում՝ սկսած 11,5% տարեկան տոկոսադրույքից,»,- եզրափակեց Գասպարյանը։

«Solara» ընկերությունը ստեղծվել է 2019 թվականին և հանդիսանում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող առաջատար ընկերություններից մեկը: Մասնավորապես, ընկերությունը մատուցում է արևային էներգետիկայի ոլորտի համալիր ծառայություններ՝ արևային կայանների նախագծում, տեղադրում, շահագործում, մոնիթորինգ և սպասարկում անհատների, բիզնեսի համար, ինչպես նաև արտադրական նշանակության արևային կայաններ: Կազմակերպությունը հանդիսանում է 2011 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «LA Solar Group» արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերության ռազմավարական գործընկերը Հայաստանում: «Solara» արևային կայաններում օգտագործվում են հայրենական խոշորագույն «LA Solar» արևային ֆոտովոլտային մոդուլներ արտադրող ընկերության վահանակները: «LA Solar» ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է ներկայում աշխարհում գործող ամենահեղինակավոր հավաստագրերով, իսկ արտադրանքի 70 տոկոսից ավելին արտահանվում է ԱՄՆ և Եվրոպա: Արևային վահանակների գործարանը գտնվում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում և ունի արևային վահանակների տարեկան 90 մՎտ հզորությամբ արտադրական ծավալներ: 2022 թվականին այդ ծավալները կհասնեն 200 մՎտ-ի։ Բոլոր վահանակներում օգտագործվում է ներկայում ամենաարդյունավետ և վերջին սերնդի Mono-PERC տիպի ֆոտովոլտային բջիջները: Գլխամասային գրասենյակից բացի «Solara»-ն մասնաճյուղեր ունի նաև Գյումրիում և խանութ-սրահ «Գարաժ Մասթերս» մոլում, իսկ 2022 թվականի մայիսին ընկերությունը մասնաճյուղ հիմնեց Տաշքենդում։

  • Կիսվել: