չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով

Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ։
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից, Կամբոջայից, Վիետնամից, Վրաստանից։

«Regional Family Placement» խորագրով եռօրյա միջոցառմանը ներկա են եղել և ելույթներով հանդես եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, լորդ Հերբերտ Լեյմինգը, Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարը, Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Էդվարդ Էդվարդ Թիմփսոնը, «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդը և այլք։
Խնամատարության ինստիտուտի զարգացման կարևորության և վերջինիս կայացման հեռանկարների մասին են խոսել նաև ԱՄԷ-ի ընտանեկան գործերի սեկտորի գործադիր տնօրեն Ն․ Գ․ Ասմա ԱլԱզրին, Լեհաստանի ժողովրդագրական քաղաքականության հարցերով կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի տնօրեն Պյոտր Գոլեբևսկին, Care Caucasus-ի կանանց տնտեսական արդարության ծրագրի տնօրեն Նազի Բուրդուլաձեն և այլք։

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ, որոնց շրջանակում բանախոսներն անդրադարձել են առողջական խնդիրներ ունեցող, բռնության ենթարկված երեխաներին տրամադրվող ընտանեկան խնամքի առանձնահատկություններին, ներկայացրել իրենց երկրների փորձը երեխաների խնամքի և դաստիարակության մեթոդների մասին։
Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարևորել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու նրանց լավագույն շահի ապահովման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։ Նախարարը նշել է, որ այսօր Հայաստանում խնամատար 86 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 145 երեխա, և հույս հայտնել, որ նրանց թիվն առաջիկայում կավելանա։

«Կարծում ենք՝ համաժողովն արդյունավետ և կարևոր հարթակ է խնամատարությանն առնչվող մոդելների ու նորարարությունների քննարկման համար, որոնք կարող են իրականացվել Հայաստանում և այլ երկրներում՝ ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը բարելավելու նպատակով: Լիահույս ենք, որ միջոցառումը նաև հնարավորություն կտա բարձրացնել ինստիտուտի մասին իրազեկվածությունը, ներկայացնել համաշխարհային լավագույն փորձը և մշակել քաղաքականություն՝ միտված Հայաստանում խնամատարության համակարգի զարգացմանը»,- նշել է նախարարը։
«Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի վերաբերյալ իր փորձառությունը, որի շրջանակում 1 մլն չինացի երեխաներ խնամք և դաստիարակություն են ստացել խնամատար ընտանիքներում։ Անդրադարձ է կատարվել նաև այս մասին պատմող «Շանհայի երեխաները» ֆիլմին։

Միջոցառման ընթացքում Էդվարդ Թիմփսոնը ներկայացրել է խնամատար ծնող լինելու իր ընտանիքի փորձը՝ պատմելով շուրջ 90 երեխաների առնչվող պատմություններ։
Համաժողովի ավարտին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներն արդյունավետ և օգտակար են որակել միջոցառման շրջանակում ստացած տեղեկատվությունն ու իրականացված փորձի փոխանակումը․ վերջիններս նաև վստահություն են հայտնել, որ ստացված գիտելիքը կօգտագործվի և իր ներդրումը կունենա խնամատարության ինստիտուտի զարգացման գործընթացում։

  • Կիսվել: