շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից. հարցում

Հայաստանի բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից. հարցում

Հայաստանի բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակից։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի անցկացրած հարցման տվյալները:

MPG-ի ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով՝ իրադրությունից իրենց դժգոհությունն են հայտնել հարցվածների 66,5 տոկոսը, որոնցից 49,9 տոկոսը ներկայիս իրավիճակը գնահատում է խիստ բացասական, իսկ 16,6 տոկոսը՝ ավելի շուտ բացասական: 7,3 տոկոսը լիովին բավարարված է դրանից, հարցվածների 15 տոկոսն ավելի շուտ դրական է գնահատում իրավիճակը:

Ընդ որում, ընդդիմության պայքարին հարցվածների ավելի քան մեկ երրորդը բացասաբար է վերաբերվում (33 տոկոս), 12,3 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, քան դրական, 15,9 տոկոսը ՝ ընդդիմադիր շարժման կողմնակիցներ են, 16,6 տոկոսը ընդդիմության պայքարը գնահատում է ավելի շուտ դրական, քան բացասական, 22 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ընդ որում, Երեւանում ընդդիմության փողոցային պայքարին միացել է հարցվածների 15,5 տոկոսը, մարզերում՝ 4,1 տոկոսը, ընդհանուր առմամբ հանրապետությունում՝ 8,2 տոկոսը: Ընդդիմության կողմնակիցներից 64,6% -ն իրենց դիրքորոշումն արտահայտում է ՝ մասնակցելով հանրահավաքներին, 31,7%-ը՝ սոցիալական ցանցերում, 19,5% -ը ՝ ավտոերթերում, 18,3%- ը ՝ անհնազանդության ակցիաներում:

Հարցման արդյունքների համաձայն՝ 16,9 տոկոսը միանշանակ բացասական է գնահատում իրավապահ մարմինների աշխատանքը անհնազանդության ակցիաների ժամանակ, 20,3 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 26,3 տոկոսը՝ լիովին դրական, 19,8 տոկոսը՝ ավելի շուտ դրական: Հարցվածների 16.6% -ը դժվարացել է պատասխանել:

Այն հարցին, թե ինչ է անհրաժեշտ ստեղծված ներքաղաքական իրավիճակի լուծման համար, 27,6 տոկոսը նշել է, որ որեւէ փոփոխություն պետք չէ, 26,6 տոկոսը ելք է տեսնում նոր խորհրդարանական ընտրություններում, 21,8 տոկոսը՝ անցումային կառավարության ձեւավորման մեջ, 11,4 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտություն կա ճնշում գործադրել ընդդիմության վրա, 12,6 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Ընդ որում՝ 27,8%-ը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, 13,9%-ի կարծիքով՝ ավելի շուտ պետք է, քան ոչ։ Հարցվածների 25,8% -ը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մնա այդ պաշտոնում, 12,9% -ը հայտարարել է, որ ավելի շուտ պետք է մնա: Հարցվածների 19.6% -ը դժվարացել է պատասխանել:

Նշենք, որ հարցումն անցկացվել է այս տարվա մայիսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի բնակիչների հեռախոսազանգերի միջոցով, հարցվողների թիվը՝ 1003, ընտրանքի սխալը ՝ + / - 3%:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: