երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հայաստանի 7 մարզերի 15 ավագ դպրոցներում իրականացվում է «ԱԲ սերունդ» ծրագիրը

Հայաստանի 7 մարզերի 15 ավագ դպրոցներում իրականացվում է «ԱԲ սերունդ» ծրագիրը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ, Հայաստանի 7 մարզերի 15 ավագ դպրոցներում իրականացնում է «ԱԲ սերունդ» ծրագիրը։

Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, հունիսի 25-ին ամփոփվել է ծրագրի 2023-2024 թթ. ուսումնական տարվա արդյունքները, որի շրջանակներում 350 աշակերտներ հնարավորություն են ստացել ծանոթանալու և կիրառական պատկերացումներ ձևավորելու արհեստական բանականության վերաբերյալ:

Միջոցառման մասնակիցներին՝ աշակերտներին, ուսուցիչներին ու հյուրերին ողջունել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը խոսել է արագ փոփոխվող աշխարհում արհեստական բանականության և հիմնարար կրթության կարևորության մասին, անդրադարձել ԱԲ մարտահրավերներին: Ռուբեն Սիմոնյանը ընդգծել է կրթությանը զուգահեռ արհեստական բանականության օգտագործման հմտությունների փոխանցման անհրաժեշտությունը, որպեսզի այն ոչ թե խանգարի, այլ նպաստի կյանքի որակի բարելավմանը:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանձն է առնում, որպես կապող օղակ, ուժեղացնել մեր գործընկերներ FAST հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության ջանքերը, որպեսզի ԱԲ կրթությունը մեր երկրում դրվի ամուր հիմքերի վրա»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը ծանոթացել է նաև միջոցառման շրջանակում բացված ծրագրի մասնակից դպրոցականների նախագծային աշխատանքների ցուցահանդեսին։

Նշենք նաև, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով, 2023 նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել։

Հուշագիրը նպատակ ունի ապահովել արհեստական բանականության ուղղությամբ կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ոլորտի ընկերությունների և կրթական համակարգի միջև կապը, մրցունակ և նորարար մասնագետների սերնդի ձևավորումը:

  • Կիսվել: