հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Հայաստան» խմբակցությունում հյուրընկալվել են ՀԲԸՄ-ի Կանադայի Մարմնի ներկայացուցիչները

«Հայաստան» խմբակցությունում հյուրընկալվել են ՀԲԸՄ-ի Կանադայի Մարմնի ներկայացուցիչները

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալվել էին ՀԲԸՄ-ի Կանադայի Մարմնի ատենապետ Շահէ Թանաշեանը և մարմնի անդամ Հակոբ Արսլանյանը, հայտնում են ՛՛Հայաստան՛՛ դաշինքից:

Հյուրերի խնդրանքով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց 44–օրյա պատերազմից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերները, «Հայաստան» դաշինքի մոտեցումները ներքաղաքական և ներազգային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը, ինչպես նաև հանդիպմանը մասնակից խմբակցության պատգանավորներ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վահե Հակոբյանը և Լիլիթ Գալստյանը կարևորեցին Սփյուռքի դերակատարությունը՝ համահայկական ներուժի համախմբման, արտաքին հարթակներում հայանպաստ օրակարգեր հետապնդելու և հատկապես Հայաստանի և Արցախի վերընձյուղմանն ուղղված ծրագրերում ներգրավվելու ուղղությամբ:

ՀԲԸՄ ներկայացուցիչները փոխանցեցին իրենց հաստատակամությունը և նպատակադրումները սոցիալական և կրթական ծրագրերով աջակցելու արցախահայությանը, սատարելու սեփական հողում նրանց անվտանգ և արժանապատիվ կենսագործունեությանը:

Հայաստան խմբակցության և դաշինքի անունից Ս. Օհանյանը ընդգծեց Հայաստան-Սփյուռք երկկողմ հարաբերությունների որակական նոր հանգրվանի անհրաժեշտությունն ու Սփյուռքի հետ աշխատելու անվերապահ հանձնառությունը:

  • Կիսվել: