ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստան» hամահայկական հիմնադրամն արձագանքել է «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչեցված շահարկումներին

«Հայաստան» hամահայկական հիմնադրամն արձագանքել է «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչեցված շահարկումներին

«Հայաստան» hամահայկական հիմնադրամի արձագանքը` «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիմնադրամի վերաբերյալ հնչած անհարկի շահարկումներին։

«Երկիր մեդիա» և USA Armenia (ԱՄՆ) հեռուստաընկերություններով ցուցադրվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող անհիմն մտքեր (ընդ որում այն հորջորջելով որպես «Հայաստանի հիմնադրամ»), մերկապարանոց մեղադրանքներ և իմաստազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև կարող են թյուր կարծիք ձևավորել հայ հասարակության և, մասնավորապես, սփյուռքահայության շրջանում, ինչպես նաև անվստահություն առաջացնել նրանց բնակության և/կամ քաղաքացիության երկրների համապատասխան մարմինների մոտ:

Հասկանալով հանդերձ, որ ֆիլմի տեքստերի հեղինակները կարող են վկայակոչել այսպես կոչված «գեղարվեստական ստեղծագործության» մեջ մտացածին և իրականության հետ աղերս չունեցող մտքեր արտահայտելու իրենց իրավունքը, ուզում ենք ընդգծել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության բացառիկ կառույց է, որի գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրա հեղինակությամբ և նրա նկատմամբ ձևավորված վստահությամբ:

Առանց անդրադառնալու գեղարվեստական արժեքով կասկածելի այս ֆիլմում օգտագործվող հայերենի անհարիր բառապաշարին, արտահայտված բովանդակազուրկ մի շարք մտքերին, իրականության խեղաթյուրմանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆիլմի հեղինակներին և դրա ստեղծման ու ցուցադրման հետ առնչություն ունեցող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում անհարկի չշահարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանումը և խուսափել դրա գործունեությունը վարկաբեկող ցանկացած դրսևորումից: 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար:

Հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ֆինանսական և բարոյական աջակցությունն անգնահատելի էր և շարունակվում է մինչև օրս` ուղղվելով Արցախի վերականգնմանը, զարգացմանը, արցախահայության տարաբնույթ կարիքների բավարարմանը, ինչպես նաև Հայաստանի սահմանային համայնքներում իրականացվող բազմաթիվ կենսական ծրագրերին: Չմտածված, ակնհայտ վիրավորական և քաղաքական ենթատեքստ ունեցող նման արտահայտություններն արժեզրկում են պատերազմի ընթացքում և դրանից հետո մեզանից յուրաքանչյուրի ունեցած ներդրումը:

Հիմնադրամի գործունեությունը մշտապես եղել է բաց, թափանցիկ և հաշվետու: Փոխանցված բոլոր միջոցները ծախսվել և ծախսվում են նպատակային և արդյունավետ, ինչը հաստատվել է հեղինակավոր միջազգային աուդիտի եզրակացությամբ: Ցավալի է, որ հենց հայկական արտադրության ֆիլմում են հնչեցվում սովորաբար ադրբեջանական քարոզչամիջոցներից հնչող անհիմն ու փաստազուրկ մեղադրանքներ։ Մենք վստահ ենք, որ հայ հասարակությունը և մեր միջազգային գործընկերները տիրապետում են ճշմարիտ տեղեկատվությանը և իրական փաստերին, ուստի կրկին անգամ կոչ ենք անում խուսափել Հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունն արատավորող գործեալոճից:

Սույն հղումով կարող եք ծանոթանալ Հիմնադրամի 2020թ. տարեկան հաշվետվությանը` https://www.himnadram.org/hy/reports, իսկ 2021-ի հաշվետվությունը կհրապարակվի նույն կայքէջում՝ ս.թ. հուլիս ամսվա սկզբին։

 

«Հայաստան» hամահայկական հիմնադրամ

  • Կիսվել: